(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՔՆՎԱԾ ՏԱՂԱՆԴ ԿԱՄ ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ. ՍԱՄՎԵԼ ՇԱՀԻՆՅԱՆԻ ՆՈՐ ՈՒՂԻՆ

Խոսք էր տվել, այն էլ՝ աղջկան, պիտի խոստմանը տեր կանգներ: Խոստովանում է՝ մեծ խնդիր էր գեղանկար նկարելը, սակայն, շնորհիվ գրաֆիկական մտածողությանը, մեծ սերը մատիտի և գծի նկատմամբ, վրձինը ձեռքը վերցրեց և, խոստումը մտքում պահած, նկարեց:

Արծաթագործ, քարանձավագետ, մեր համալսարանի ԳԷԿ ամբիոնի վարիչ և, պարզապես, ինքնատիպ մարդ ու լավ զրուցակից Սամվել Շահինյանը սկսեց նկարել նույնքան ինքնատիպ ձեռագրով, որքան հենց ինքն է: Նոր ուղի էր և, ինչ խոսք, ստացված:

Եվ այսօր, իր ծննդյան 65 ամյակի նախօրեին, Սամվել Շահինյանը ՀՀ Նկարիչների միությունում բացեց «Նոր ուղի» խորագրով անհատական աշխատանքների ցուցահանդեսը: Նկարիչների միության պատվավոր անդամ Շահինյանի գրաֆիկական աշխատանքներով ու գեղանկարներով զարմանալու և հիանալու էին եկել նրա բոլոր ընկերները, համալսարանի պրոռեկտորները, դեկաններն ու դասախոսները:

Շատերի համար «նորահայտ» նկարիչն իսկական բացահայտում էր, շատերը, ծանոթ լինելով տաղանդավոր մարդ Սամվելին, առանց զարմանքի՝ հիացական հայացքով վայելում էին աշխատանքները, որոնք անպայման շարունակական են լինելու:

Դա էլ է խոստում: Ինչպես հենց ինքն է ասում. «երևի կնկարեմ մինչև Վերինի հետ հանդիպումս, իսկ եթե չհանդիպեմ էլ՝ փույթ չէ: Ես արդեն երջանիկ եմ»:

03.06.19