Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ համագործակցությամբ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ապրիլի 21-ին համալսարանում կայացավ «Ընկերություն…» խորագրով միջհամալսարանական ֆոտոմրցույթ, որին իրենց աշխատանքներն էին ներկայացրել համալսարանի դիզայնի, ճարտարապետության, քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետների 11, Երևանի պետական համալսարանի 1, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 1, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի 1 ուսանող:
Ժյուրին նախագահում էր ՃՆ և ՃՄԴ ամբիոնի դոցենտ Գ. Ստեփանյանը, անդամներն էին միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ. Եդոյանը, դիզայնի ֆակուլտետի դեկան Ա. Մելիքյանը, քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վ. Հարությունյանը, ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալ Մ. Իգիթխանյանը, գծանկարի, գունանկարի, քանդակի ամբիոնի վարիչ Գ. Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության խորհրդական Ա. Մինասյանը: Ժյուրիի անդամները շնորհավորեցին բոլոր մասնակիցներին և նշեցին, որ նմանատիպ մրցույթներին ուսանողների մասնակցությունը խրախուսվում է, քանի որ մասնակցությունն արդեն իսկ հաղթանակ է: Մրցույթի թեման առաջին հայացքից պարզ, սակայն իրականում բազմաշերտ և անդադար բացահայտման ենթակա թեմա է, որը պետք է այնքան խոսուն լինի, որպեսզի ինքն իրեն ներկայացնի: Մասնակցից պահանջվում է մեծ պատասխանատվություն և ռիսկային գործոն՝ աշխատանքը ժյուրիի դատին ներկայացնելիս:
Բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ և խրախուսական նվերներ, իսկ առաջին 3 մրցանակակիրներին հանձնվեցին հատուկ մրցանակներ:
Հաղթող ճանաչվեց ՃՇՀԱՀ դիզայնի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Ծատուրյանը: 2-րդ տեղը գրավեց դիզայնի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Աշխեն Ամարյանը, 3-րդ տեղը՝ քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Նունե Աղաբաբյանը: