(010) 303-300

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 10-Ը

2024-2025 ուստարվա բուհերի ընդունելության համար, բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրումը կիրականացվի մինչև մայիս 10-ը:

Դիմորդը բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա Գնահատման և թեստավորման կենտրոնի անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով ԳԹԿ-ի  dimord.am   կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտը:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է կից:

Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը, իսկ ներբուհական քննություն հանձնող դիմորդների դեպքում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 15100-01964940200 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը, և տալիս ԳԹԿ անձնական համար։

Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`

  • 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,

Միասնական և ներբուհական քննությունների վճարից ազատվում են`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության  դիմում-հայտ:

Միասնական քննությունները կանցկացվեն  հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Ներբուհական քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն  ընկած ժամանակահատվածում:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

ՃՇՀԱՀ դիմորդերի համար գործում է dimord.nuaca.am կայքը, որտեղ դիմորդը կգտնի ընդունելության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը:

Համալսարանի մասնագիտություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարեք 010 303 300 հեռախոսահամարով:

 

22.04.24