Մարիբորի համալսարանում «Էրազմուս+ TACEESM» նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական աշխատաժողովը, որին մասնակցում էր ՃՇՀԱՀ Ճարտարապետության ֆակուլտետի դեկան՝ Արմեն Շատվորյանը։ Աշխատաժողովին ներկա էին նաև գործընկեր այլ համալսարանների ներկայացուցիչները։
Աշխատաժողովի ընթացքում քննարկման առանցքային հարցերից էր՝ նախագծի շրջանակներում «համալսարան-գործատու» կապի ամրապնդմանն ուղղված գործընկեր համալսարանների և գործատու կազմակերպությունների համատեղ ծրագրերի ու հետազոտությունների իրականացման գործընթացը։ Քննարկվեցին նաև 2023թ․ երկրորդ կիսամյակում ուսանողների համար աշխատանքային սեմինարի անցկացման կազմակերպչական հարցերը։ Գործընկեր համալսարանների ներկայացուցիչները տեղեկացրին նախագծի շրջանակում գործատու կազմակերպությունների հետ ստորագրած համագործակցության հուշագրերի, ինչպես նաև արդիականացված դասընթացների փորձարկման արդյունքների վերաբերյալ։ Պարոն Շատվորյանը հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով նշված ուղղություններով TACEESM նախագծի ՃՇՀԱՀ-ի թիմի կողմից իրականացված աշխատանքները Պարոն Շատվորյանը ընդգծեց, որ ՃՇՀԱՀ-ում TACEESM նախագծի շրջանակում մշակվել են 6 նոր դասընթացներ՝ 3 բակալավրիատի և 3 մագիստրտուրայի դասընթացներ: Այս դասընթացներից 2-ի փորձարկումը («BIM-ի տեխնոլոգիաներ» և «Կայուն ճարտարապետություն») իրականացվել է համապատասխանաբար 2021 և 2022թթ․-ին։
Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկությունները սույն թվականի հունիսին նախատեսված վեբինարի օրակարգի վերաբերյալ։ Նախանշվեցին TACEESM նախագծի՝ 2023 թվականի անելիքները։