(010) 303-300

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻՅԱՆԸ՝ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՍՏՂԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԴԱՓՆԵԿԻՐ

ԱՊՀ մասնակից պետությունների hումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը կազմակերպել էր «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխությունը, որին մասնակցում  էր ՃՇՀԱՀ Շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը:  «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխության խորհրդի որոշմամբ Է. Խաչիյանը արժանացել է 2021 թ. մրցանակաբաշխության դափնեկրի կոչմանը: Վերջինս  ներկայացրել էր երեք հոդված և մեկ մենագրություն: Հոդվածները ռուսերեն և անգլերեն լեզուներով  հրատարակվել են ինչպես Ռուսաստան գիտությունների ակադեմիայի ամսագրերում, այնպես էլ   ԱՄՆ-ում, իսկ մենագրությունը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում համալսարանի աջակցությամբ:

«Գիտությունը նման է երաժշտության, որը գիշեր-ցերեկ պիտի հնչի մտքումդ: Գիտությունը պահանջում է նվիրում, իսկ հաջողությունների հիմքում աշխատասիրությունն ու հետևողականությունն են: Այդպես են ստեղծվել իմ աշխատանքները՝ դառնալով առօրյայիս անբաժանելի մասնիկը»,- ընդգծեց Է. Խաչիյանը:

Համաձայն կանոնակարգի, «Համագործակցության աստղեր» Միջպետական մրցանակաբաշխությունը բաղկացած է դրամական միջոցներից, դիպլոմից, շքանշանից և հավաստագրից:

Նշենք, որ «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխության հանձնման արարողության ձևաչափը ներկայումս մշակվում է (նախատեսվում է անցկացնել 2022 թ. դեկտեմբերին Թաշքենդում):

09.06.22