(010) 303-300

ԵՐԲ ՀԵՐՈՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԶԵՆՔԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Հայրենասիրությունը միայն շուրթերով արտաբերվող բառ չէ, այն պետք է շոշափելի լինի, պետք է գիտակցությանդ մեջ իր ձևն ու բովանդակությունն ունենա: Հայրենիքը չպետք է սիրես միայն այն ժամանակ, երբ կուշտ ես և հեռանաս, երբ քաղցած ես: Այսպես մտածող հայորդին պատերազմի դաշտում էլ չի մտածում նահանջի մասին, չի կորցնում իր քաջությունը և մշտապես Հայրենիքի կյանքը գերադասում է սեփականից: 

Մեր համալսարանի Քաղաքային տնտեսություն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Ռոբերտ Մկրտչյանը ժամկետային ծառայությունից վերադարձել է հունվարի 14-ին: Պատերազմի բռնկման օրը Երևանի հոսպիտալում էր, նոր էր վիրահատվել, սակայն հետվիրահատական ցավն իրականում այնքան ցավալի չէր, որքան արցախյան  սահմռկեցուցիչ իրողությունը: Վերադարձավ Ասկերան՝ շարունակելու ծառայությունն արդեն պատերազմական իրավիճակում:                                                          

«Առաջնագծում կռվող ընկերներիս մոտ կապը եթե խափանվեր ու վերականգնող չլիներ, ես ինձ չէի ների», — պատմում է կապավոր Ռոբերտն ու համեստաբար խոստովանում. ՙՃիշտ է, ես նույնիսկ մեկ թուրք էլ չեմ սպանել, բայց միշտ կռվի թեժ վայրերում եմ եղել և հոգացել, որ զինվորներն ու հրամանատարները միմյանց հետ կապը չկորցնեն՚:

Իսկ վերջում… «Պատերազմի ավարտը հանկարծակի եղավ, չպահպանվող հրադադարներին արդեն սովորել էինք, և, երբ հասկացանք, որ այս անգամն իսկապես վերջն է ու նման ելքով»:

Բայց հավատն այն միակ բանն է, որ չի զոհվում ու վիրավորվում, հատկապես, երբ այդ հավատն առ Հայրենիք է: Թե պետք լինի, Ռոբերտը նորից կգնա կռիվ, նորից չի վախենա իր կյանքի համար, նորից առանց երկյուղ կհիշի ականների խլացնող պայթյունների ձայնը և նորից կլռի գլխի կանտուզիա ստանալու մասին, միայն թե պատերազմի դաշտում մնա:

Հայրենիքի և զինակից ընկերների նկատմամբ մեր ուսանողի նվիրվածությունն ու բարեհոգությունն անպատասխան չի մնացել: Ռոբերտ Մկրտչյանը ներկայացվել է «Մարտական ծառայություն» մեդալի համար:

12.02.21