ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնը «Թերմոռոս Արմենիա» ընկերության հետ համատեղ անցկացրեց եռօրյա սեմինար-դասընթաց՝ նվիրված ջեռուցման և հովացման համակարգերի նորագույն տեխնիկային, ինչպես նաև ոլորտի ժամանակակից հաշվարկային ծրագրերի ուսուցմանը: Սեմինարավարն էր «Թերմոռոս Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տնօրեն, ջեռուցման, հովացման և օդափոխության ինժեներ Ռազմիկ Զարիֆյանը: Վերջինս դասընթացի մասնակիցներին ծանոթացրեց HAP հաշվարկային ծրագրի միջոցով ջեռուցման և հովացման հաշվարկների իրականացմանը։
«Թերմոռոս Արմենիայի» մասնագետները ներկայացրին ընկերության ծառայությունները, իրականացրած նախագծերը, արժեքներն ու բրենդները, «Jaga» և «FAR» ապրանքանիշերի մոդելների ցուցադրությամբ առավել պատկերավոր անդրադարձան ջեռուցման մարտկոցների և թերմոխառնիչով բաժանարար հանգույցների տեխնիկական բնութագրիչներին ու առավելություններին։
Սեմինարին մասնակցում էր նաև ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, աշխատակազմի ղեկավար Հ. Հովեյանը, ուսումնական գծով պրոռեկտոր Գ. Ստեփանյանը, Ջերմագազամատակարարման և օդափոխության ամբիոնի վարիչ Ա․ Քարամյանը, ինչպես նաև դասախոսներ և տարբեր կուրսերի ուսանողներ: Ռեկտորը կարևորեց նմանօրինակ սեմինարների անցկացումը՝ նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսուհետ նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: Միայն համատեղ ուժերով կարելի է հասնել շոշափելի արդյունքների՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։ Ամբիոնի վարիչ Ա. Քարամյանը իր բացման խոսքում ընդգծեց, որ ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ նման ձևաչափով անցկացվող սեմինարները շատ օգտակար են ուսանողների համար:
Հավաստագրերի հանձնումը կիրականացվի «Թերմոռոս Արմենիա» ընկերությունում, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: