Erasmus+ ծրագրի շրջանակներում հաջողությամբ կայացավ ևս մեկ աշխատանքային սեմինար, որը նվիրված էր ճարտարապետության ոլորտին։ Սեմինարին մասնակցում էին երեք բուհեր՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Պեսկարայի համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ)։
Սեմինարի թեման էր՝ «Արհեստական բանականությունը և մարդկային բանականությունը՝ բալանսավորված ինտեգրված դիզայն ստեղծարարության մեջ»: Միջոցառումն առանձնահատուկ էր իր միջառարկայական և միջդիսցիպլինար մոտեցմամբ՝ միավորելով ճարտարապետությունը, դիզայնը և տեղեկատվական տեխնոլոգիաները։
ՃՇՀԱՀ-ից սեմինարին մասնակցում էին Ճարտարապետության ֆակուլտետի 10 ուսանողներ, ՀԱՊՀ-ից՝ Դիզայնի ֆակուլտետի 6 ուսանողներ և Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 4 ուսանողներ։ Սեմինարը տևեց 10 օր, որից 5 օրը անցկացվեց ՀԱՊՀ -ում, իսկ մյուս 5-ը՝ ՃՇՀԱՀ -ում։
Սեմինարին դասախոսություններով հանդես եկան պրոֆեսոր Ֆիլիպո Անջելոչին, ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը, իսկ ՀԱՊՀ-ից՝ դասախոս Ժաննա Բաղդասարյանը։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ էր տարբեր մասնագիտությունների համախմբման, փորձի փոխանակման և նորարարական մոտեցումների զարգացման ուղղությամբ։ Սա հայկական երկու բուհերի և Պեսկարայի համալսարանի առաջին եռակողմ համատեղ աշխատարանն է, որը բացում է նոր հնարավորություններ հետագա համագործակցության համար։