(010) 303-300

ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՃՇՀԱՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը: Խորհրդի անդամների միաձայն կողմ քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ տ․գ․դ․, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը, իսկ քարտուղար վերընտրվել է համալսարանի հայցորդ Խաչատուր Խաչատրյանը։

ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը, շնորհավորելով պարոն Վանդանյանին, իր ելույթում նշեց. «Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք իրականացնել բոլոր այն բարեփոխումները, որոնք պարոն Վարդանյանի ղեկավարությամբ արդեն իսկ սկսել էինք 2021 թվականին հաստատված ռազմավարական ծրագրին համահունչ: Սկսված բարեփոխումների արդյունավետության վառ ապացույցներից մեկը վերջին 3 տարիներին դիմորդների թվի շարունակական աճն է»:

Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորելով նոր կազմին և շնորհակալություն հայտնելով բոլորին նշեց. «Մեծ պատիվ է մասնակից լինել հարազատ կրթօջախում իրականացվող բարեփոխումների ծրագրերին, և ներդրում ունենալ համալսարանի զարգացման գործում: Շնորհակալ եմ վստահության համար: Վստահ եմ՝ համագործակցությունը փոխշահավետ է լինելու»:

Նիստի ավարտին հոգաբարձուների խորհրդի անդամներն ընդգծեցին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի կողմից համատեղ իրականացվող աշխատանքների շարունակականության ապահովումը, ինչով էլ պայմանավորված է համալսարանում կրթական և գիտական ոլորտներում իրականացվող բարեփոխումների բարձր արդյունավետությունը։

26.06.24