(010) 303-300

ԴՐՎԵՑ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 1-ԻՆ «ՔԱՐԸ»

«Քարերը հայկական ճարտարապետության ժառանգության մեջ». թեմա, որը «Վոլքսվագեն» հիմնադրամի աջակցությամբ, դարձել է հիմք՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Գերմանիայի Գյոթինգեն քաղաքի Գեորգ Ավգուստի անվան համալսարանի 3 տարվա գիտագործնական հետազոտական ծրագրի համար:

Ապրիլի 23-ից մայիսի 12-ը՝ ծրագրի շրջանակներում, Գեորգ Ավգուստ համալսարանի գիտաշխատող Վանյա Վեդեքինդը և ՃՇՀԱՀ դոցենտ Էմմա Հարությունյանը՝ մասնագիտական լաբորատորիաների ղեկավարներ Մարինա Բունաթյանի, Արտավազդ Արզումանյանի, Նիկոլայ Չիլինգարյանի, ինչպես նաև «Հորիզոն 95» ՍՊԸ շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիայի վարիչ Հասմիկ Գևորգյանի և մի խումբ ուսանողների մասնակցությամբ, Գեղարդի, Զվարթնոցի և Ավանի տաճարների որոշ քայքայված հատվածներում իրականացրեցին հետազոտական աշխատանքներ:

Այսօր մեր համալսարանում տեղի ունեցավ երեքշաբաթյա աշխատանքների ամփոփումը՝ քարերի քայքայված հատվածների և կապակցող շաղախի տարբեր հետազոտությունների ու լաբորատոր փորձարկումների արդյունքները, որոնք, ի դեպ,  իրականացվել են ՃՇՀԱՀ-ի մասնագիտացված մասնագիտացված լաբորատորիաներում և հավաստագրերի հանձումը:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին և բոլոր ներկաներին՝ ռեկտոր Գագիկ Գալստյաը նշեց, որ նմանատիպ միջոցառումները ոչ միայն մեծացնում են հայկական ճարտարապետական ժառանգության նկատմամբ օտարազգիների հետաքրքրությունը, այլ նաև՝ նպաստում են առավել նեղ, մասնագիտական շրջանակներում արդյունավետ համագործակցությանը:

Նշենք, որ «Քարերը հայկական ճարտարապետության ժառանգության մեջ» ծրագրի նպատակն է նպաստել վերականգնող ճարտարապետների և հարակից մասնագետների վերապատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության գործնական ամրակայման ու պահպանման աշխատանքների իրականացմանը՝ կանխելով քարերի քայքայումը և լուծելով պահպանության խնդիրները։ Այս ծրագիրը հնարավորություն կտա հայ մասնագետներին նաև Գերմանիայում շարունակել հետազոտական աշխատանքները։

13.05.19