ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էին ժամանել Բրիտանական «Pilbrow & Partners» և ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչ Գորան Շեֆարդը և «Quilligan International Architects» ճարտարապետական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Փոլ Քիլլիգանը:
Բրիտանական պատվիրակությանն ընդունեցին ռեկտոր Գագիկ Գալստյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը, պրոռեկտոր, դեկաններ և ամբիոնի վարիչներ:
Հյուրերի այցը մեր համալսարան իրականացվել էր ՀՀ-ում Բրիտանական դեսպանատան միջնորդությամբ: Բրիտանացի ճարտարապետների և դեսպանատան աշխատակիցների այցը ճանաչողական էր, ինչպես իրենք նշեցին, դեռ ճանաչողական, քանի որ վստահ են, որ առաջիկայում համագործակցության եզրեր ու հնարավորություն անպայման կընձեռվի:
Հակիրճ ներկայացնելով իրենց կազմակերպության գործունեությունը՝ տիկին Շեֆարդը նշեց, որ իրենք հիմնականում զբաղվում են քաղաքային պլանավորմամբ և ունեն ճարտարապետների ու քաղաքաշինության հարցերով թիմ, որն աշխատում է Մեծ Բրիտանիայի և արտասահմանյան նախագծերի վրա:
Մեր համալսարանի ներկայացուցիչների կողմից հնչեցված՝ ի՞նչ շրջանակներում եք տեսնում մեր համագործակցությունը հարցին ի պատասխան, Գորան Շեֆարդն ասաց, որ համագործակցության սկզբնական փուլում արդյունավետ կլինի խորհրդատվական ծառայությունների փոխանակումը, մինչև քաղաքի ճարտարապետական առանձնահատկություններին ծանոթանալը և համատեղ հավանական ծրագրերի կազմակերպումը:
Փոխադարձաբար կոնտակտներով փոխանակվելուց հետո՝ կողմերը վստահություն հայտնեցին, որ հայ-բրիտանական համագործակցություն՝ թե բուհական, թե ճարտարապետական ոլորտներում անպայման կհաստատվի: