Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է: Եվ, ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես, այս օրը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում ֆրանսիական երգ ու երաժշտության, ֆրանսիական մշակույթի և ֆրանսերեն լեզվի տոն էր:
Այս տարի ֆրանկոֆոնիայի օրվա միջոցառումը՝ ՙCherchez la femme!՚ /Փնտրեք կնոջը/ խորագրով, համեմված էր կանացի նոտաներով և նվիրված էր կանանց միամսյակին: Նրբագեղ կանայք, ճակատագրական կանայք, ում բնութագրում են մեկ բառով՝ ֆրանսուհիներ:
Դպրոցի աշակերտները բեմից՝ փայլուն ֆրանսերենով, հյուրերին տեղափոխեցին ֆրանսիական տարբեր ժամանակաշրջաններ, թատերականացված բեմադրությամբ պատմեցին Ալիենոր Ակվիանտացի թագուհու և ժաննա Դ՝ Արկի կյանքը, կանայք, ովքեր փոխել են պատմությունը, ապացուցել, որ, թեև, պատմության անիվը պտտում են տղամարդիկ, բայց կերտում են կանայք:
Կանանց ու Ֆրանսիային նվիրված ասմունք, երգ ու պար. այսպես նշվեց Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների կողմից կազմակերպված ցերեկույթը, որին ներկա հյուրերը և անձամբ դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանը փաստեցին, որ նման միջոցառումներն ավելի են ամրապնդում հայ-ֆրանսիական ամուր բարեկամական կապերը: