(010) 303-300

ԴԻԶԱՅՆԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՍՏՈՒԳԱՏԵՍՈՒՄ

Դիզայնի ֆակուլտետը մասնակցել է Ճարտարապետության, դիզայնի և արվեստի որոլտներում ավարտական դիպլոմային աշխատանքների XXXIV–րդ միջազգային ամենամյա մրցույթ-ստուգատեսին (МООСАО):

Մրցույթը իրականացել է Մագնիտոգորսկ (ՌԴ) քաղաքում: Ներկայացվել են բակալավրիատի 7 ավարտական աշխատանքներ և մագիստրոսական 5 թեզեր:

Միջոցառումը մեկնարկեց ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի ողջույնի խոսքով․ «Հարգելի՛ գործընկերներ, այս միջազգային հարթակը կարևոր հնարավորություն է մեր ուսանողների և դասախոսների համար՝ ներկայացնելու դիզայնի և ճարտարապետության և առհասարակ արվեստի ոլորտում իրենց լավագույն աշխատանքները։ Համալսարանը բարձր է գնահատում նման ձեռքբերումները և այսօր մրցույթի հաղթողները կխրախուսվեն խորհրդանշական նվերներով։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ուսանողներին և ղեկավարներին՝ ցուցաբերած նվիրվածության և ստեղծագործական աշխատանքի համար»։

Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը ևս հանդես եկավ շնորհավորական խոսքով․«Սրտանց շնորհավորում եմ ինչպես ուսանողներին, այնպես ել աշխատանքները ղեկավարած դասախոսներին։ Միջազգային հարթակում մեր ֆակուլտետի ներկայությունը և հաղթանակները դարձել են գեղեցիկ ավանդույթ։ Սա ոչ միայն բարձր գնահատական է մեր աշխատանքի, այլև մեծ պատիվ՝ համալսարանի և Հայաստանի համար»։

Մրցույթի արդյունքում 9 ուսանող պարգևատրվեց I կարգի դիպլոմներով, որոնցից մի քանիսը՝ հավելյալ դիպլոմներով, II կարգի դիպլոմներով՝ 3 ուսանող: Լավագույն ավարտական աշխատանքների ղեկավարման համար Դափնեկրի դիպլոմներով պարգևատրվեցին Դիզայնի ամբիոնի դոցենտ, արվեսագիտության թեկնածու Անի Աճառյանը, դոցենտ Թամարա Թույսուզյանը և Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի դասախոս Էլեոնորա Մարգարյանը:

Ռեկտորի կողմից շնորհակալական վկայականների են արժանացել դեկան Արտաշես Մելիքյանը, Դիզայնի ամբիոնի վարիչ Աշոտ Բաղդասարյանը և Ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի ասիստենտ Արսեն Մկրտչյանը:

05.11.25