Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ուսանողական խորհուրդը, Ամանորի հեքիաթային տոնին ընդառաջ, սիրով իրականացրեց «Դարձիր Սանտա» ամենամյա բարեգործական ծրագիրը։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի իրականություն դարձնել ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաների ամենաանկեղծ երազանքներն ու ցանկությունները, որոնք նրանք սիրով վստահել են Ձմեռ պապին ուղղված իրենց նամակներում։
Այս տարի ծրագրի շրջանակներում Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները այցելեցին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր, Չորաթան, Պառվաքար և Մովսես գյուղեր՝ փոքրիկներին փոխանցելով նրանց երազած նվերներն ու ջերմությունը։
Մինչ Ձմեռ պապին դիմավորելը Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները երեխաների հետ միասին ստեղծեցին տոնական ուրախ մթնոլորտ՝ երգերով և պարերով աշխուժացնելով օրը, իսկ փոքրիկները իրենց հերթին սիրով ներկայացրին նախապես պատրաստած գեղեցիկ համարները՝ հուզելով և ուրախություն պարգևելով բոլորին։
Ծրագրի շրջանակում 5 գյուղերի 280 փոքրիկներ ստացան իրենց ամանորյա նվերները՝ ամրապնդելով հավատը հրաշքների և բարության հանդեպ։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, քանի որ նրանց աջակցությամբ այս բարեգործական նախաձեռնությունը վերածվեց սրտաբուխ ջերմության և բարության հրաշալի դրսևորման՝ պարգևելով երեխաներին անկեղծ ուրախություն և հավատ: