Օրերս Գերմանիայի Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի համագործակցության շրջանակում հրատարակված «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է «Volkswagen» միջազգային հետազոտական հիմնադրամի աջակցությամբ՝ 2019 թ. մեկնարկած «Քարը հայկական ճարտարապետության մեջ» խորագրով ծրագրի շրջանակում, որը նվիրված էր քարե շինությունների և հայկական ժառանգության պահպանմանը: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել ՃՇՀԱՀ-ում, իսկ այս տարի նաև Գերմանիայում: Գրքի տասը հարուստ նկարազարդված գլուխները հեղինակները նվիրել են Հայաստանի առանձնահատկություններին, ներկայացնելով Հայաստանի ու հայ ժողովրդի հետաքրքրաշարժ կողմերը՝ հնարավորություն տալով օտարներին բացահայտելու Հայաստանը, ծանոթանալու մշակույթին, բնաշխարհին, բնակչությանը, բնական ու պատմամշակութային հուշարձաններին և այլն:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և դոկտոր Մաթիաս Նյոլենբուրգը։ Գիրքը ներկայացրեց Տիգրան Լորսաբյանը, իսկ շնորհանդեսը վարում էր պարոն Ռոման Պլիսկեն: Ողջ երեկոն ուղեկցվում էր Ստեփան Գանտրալյանի և Մաուրիսիո Տապիայի երաժշտական կատարումներով։