ՃՇՀԱՀ ուսանողները հանդիպում ունեցան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանի և Բարձր տեխնոլոգիաների վարչության փորձագետ Անուշ Գրիգորյանի հետ՝ «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար:
ՃՇՀԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը ողջունեց ուսանողներին նշելով, որ հիմնականում հենց իրենք են ծրագրի շահառուները, հավելեց նաև, որ սա շատ լավ հնարավորություն է այն ուսանողների համար, ովքեր հետագայում պատրաստվում են մասնագիտանալ ոլորտում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց իրենց ջերմ ընդունելության համար: Նա ևս ողջունեց մասնակիցներին, ներկայացրեց ծրագիրը, հավելեց, որ այս տարի բացի ընկերություններից կարող են մասնակցել նաև ֆիզիկական անձինք՝ անհատները:
Ծրագրի նպատակն է Ֆինանսավորման միջոցով աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարից ընդհուպ մինչև հասունության փուլում գտնվող պրոդուկտների առաջխաղացմանը շուկայում: Այն ունի երկու բաղադրիչ՝ «Գաղափարի փուլ» և «Մուտք դեպի շուկա փուլ», որոնց ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 350մլն ՀՀ դրամ:
Ծրագրի ընթացքում տեղի ունեցավ քննարկում՝ ծրագրի մանրամասները ներկայացնելու և ուսանողների ներգրավվածությունն ապահովելու նպատակով:
Պարոն Միրզոյանը ամփոփելով խոսքը նշեց. «Համալսարանների հետ համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենանք աջակցել նոր գաղափարների՝ պրոդուկտի վերածման բարդ գործընթացի իրագործմանը և շուկայում դիրքավորմանը»: