Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեց «Բաց դռների օրեր» ծրագիր: Ուսանողական խորհրդի անդամները դիմավորեցին դիմորդներին և ուղեկցեցին նիստերի դահլիճ, որտեղ ՈՒԽ նախագահ Սուսաննա Հակոբյանը ներկայացրեց մեր համալսարանը, գործող կրթական ծրագրերը և համալսարանի ընձեռնած հնարավորությունները:
Ողջունելով դիմորդներին՝ Ս․ Հակոբյանը ընդգծեց՝ անկախ ընտրված մասնագիտությունից՝ շատ կարևոր է ծանոթանալ ամբողջ համալսարարանին, որտեղ մեր ապագա ուսանողները անցկացնելու են իրենց կյանքի լավագույն տարիները:
Այնուհետև դիմորդները շրջայց կատարեցին համալսարանում, այցելեցին մասնագիտացված լսարաններ, արվեստանոցներ, լաբորատորիաներ, ծանոթացան նյութատեխնիկական և լաբորատոր հնարավարություններին, ինչպես նաև իրենց հարցերով ավելի խորացրեցին իրենց նախնական տեղեկատվությունը մեր համալսարանի մասին:
Հանդիպման վերջում ընդունելության և կարիերայի բաժնում դիմորդները ստացան իրենց բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները կապված ընդունելության կազմակերպման և գործող կարգերի վերաբերյալ։ Դիմորդները մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ արտահայտեցին նաև իրենց կարծիքները։
«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի աշակերտուհի Միլենա Ղազարյանը, որ նախընտրում է «Միջավայրի դիզայն» մասնագիտությունը, կարևորելով հանդիպումը՝ նշեց․ «Այնքան հետաքրքիր էր ամեն ինչ, որ չնկատեցինք՝ ժամանակն ինչպես անցավ։ Հատկապես շատ հետաքրքիր և մոտիվացնող էր քանդակի արվեստանոցը»։
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ուսանող Հովհաննես Խաչատրյանի համար ևս առաջին տպավորությունները դրական էին, վերջինս բացի մասնագիտության վերաբերյալ հարցերին սպառիչ պատասխաններ ստանալը, կարևորեց նաև համալսարանում տիրող ուսանողական ակտիվ կյանքը, ուսխորհրդականների ջերմ ընդունելությունը, դյուրընկալելի բացատրությունները, ուսանող-դասախոս ջերմ փոխհարաբերությունները, որին իրենք ականտես եղան։
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտ Արտյոմ Առաքելյանի կարծիքով համալսարանի կողմից կազմակերպված նմանօրինակ միջոցառումները մեծ ազդեցություն են ունենում իրենց կողմնորոշման վրա հատկապես հետագայում համալսարանական միջավայրին հեշտորեն ընտելանալու առումով։ «Հրաշալի է, դեռ համալսարան չընդունված, լինել համալսարանում դառնալ նրա մի մասնիկը, մասնակցել միջոցառումներին։ Բոլորիս համար «Բաց դռների օրը» եղավ շատ օգտակար, ինտերակտիվ ու համախմբող։ Ծանոթացանք համալսարանի լսարաններին, լաբորատորիաներին, արվեստանոցներին, հետագայում համալսարանում կլինենք ավելի ազատ և հեշտ կկողմնորոշվենք»,- ընդգծեց Ա․ Առաքելյանը։
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին, մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել: