(010) 303-300

ԲԱՑՎԵՑ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԲԺԻՇԿ ԵՎ ՇԻՆԱՐԱՐ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ

Ապրիլի 7-ին, Երևանի Մաշտոցի 60 հասցեում բացվեց վաստակավոր մանկաբույժ Իզաբելլա Դավթյան և վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյան ամուսինների հուշաքարը:

Արարողության ներկա ընկերները, բժիշկները, շինարար-ճարտարապետներն ու հարազատները միաձայն փաստեցին, որ անգնահատելի է Դավթյան-Խաչիկյան ամուսինների դերակատարումը մանկաբուժության և շինարարության ոլորտում:

Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր և ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ անգնահատելի է Իզաբելա Դավթյանի դերը մանկաբուժության բնագավառում: Միայն բազմափորձ բժշկուհու մասնագիտական բարձր որակավորման արդյունքում 1979թ-ին Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցը վերապրոֆիլավորվեց հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի՝ համալրվելով տվյալ ժամանակաշրջանի ամենակատարելագործված սարքավորումներով և դառնալով ԽՍՀՄ լավագույն մասնագիտացված բուժհաստատություններից մեկը:

Հիշելով վաստակավոր ամուսինների անցած ուղին և հայրենանպաստ գործունեությունը՝ Գագիկ Գալստյանը նկատեց, որ անկախության շրջանում Իզաբելլա Դավթյանը մեծ ներդրում ունեցավ բժշկության զարգացման, իսկ Վասակ Խաչիկյանը՝ շինարարության բնագավառում: Նա նշեց, որ Վասակ Խաչիկյանի և նրա գործընկերների շնորհիվ է Հայաստանում շտապես բարձր ու հարգալից հնչում շինարարի կոչումը:

Նշենք, որ հուշատախտակի տեղադրման որոշումը կայացվել էր Երևանի քաղաքապետի կողմից, իսկ նախաձեռնությունը Առողջապահության կազմակերպիչների հասարակական կազմակերպությանն է:

 

09.04.18