Ամառվա տապն ու արձակուրդային անհոգությունն անցյալում է: Սեպտեմբերի 1-ն ազդարարեց գիտելիքի բերքահավաքի, պատասխանատվության և կրթության կարևորության մասին:
Այսօր, կրթական բոլոր հաստատություններում, այդ թվում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում և Միջին մասնագիտական կրթության քոլեջում օրը տոնական էր: Կրթօջախներն իրենց աշակերտներին և ուսանողներին դիմավորեցին բարիգալստյան ողջույններով ու գիտելիքի նկատմամբ սիրով լցվելու հորդորներով:
Ավագ դպրոցում տնօրեն Աննա Մարուխյանը և ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանն իրենց ողջույնի ելույթներում հարկ համարեցին աշակերտներին, նախևառաջ, զինել Հայրենիքի, հայրենասիրության և հայրենատիրության գաղափարներով՝ հավատով, որ միայն իր երկրի նկատմամբ սեր ու հարգանք տածող աշակերտն է ունակ դառնալ վաղվա արժանավոր քաղաքացին ու բարեխիղճ մասնագետը:
Այսպիսով՝ առաջին զանգով, Գիտելիքի օրվան ձոնված ասմունքով, երգ ու պարով մեկնարկեց նոր ուսումնական տարին: