(010) 303-300

ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍԿՍՎԱԾ Է

Լիտվացի պատմաբան, արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակն արդեն երկրորդ անգամն է փնտրում իր արժանի տիրոջը:

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրանտներ Արման Խաչատրյանը, Աննա Խաչատրյանը և Վարդգես Շահմենենդյանը ներկայացրեցին այն աշխատանքները, որոնք մրցելու են <Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում> անվանակարգում հաղթող ճանաչվելու համար: Մրցույթին ներկայացված աշխատանքների շնորհանդեսին ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Նիդա Դալմանտայտեն, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, <Պետրոս Ալոյան>-ի անվան հիմնադրամի տնօրեն Հայկ Ալոյանը, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ դոցենտ Էմմա Հարությունյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, դասախոսներ:

3 մագիստրանտների աշխատանքային թեման նույնն էր՝ Գյումրին՝ իր պատմաճարտարապետական առանձնահատկություններով և նոր լուծումներով Հայաստանի 2-րդ մայրաքաղաքը վերակենդանացնելու գաղափարներով:

Հանձնախմբի որոշմամբ՝ լավագույն աշխատանքի հեղինակը՝ Բալտրուշայտիսի անվան մրցանակակիրը, բացի դրամական պարգևից, կստանա նաև հավաստագիր:

Հիշեցնենք, որ Յուրգիս Բալտրուշայտիսի անվան մրցանակը սահմանել է <Պետրոս Ալոյան>-ի անվան հիմնադրամը՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ:

 

19.09.18