(010) 303-300

ԱՐԹԻԿԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ՃՇՀԱՀ-Ի ՊՐՈՖԵՍՈՐ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

ՀՀ վաստակավոր և ժողովրդական նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի անունը արժանվույնս ամրագրվեց նաև նրա ծննդավայրում։

Վաստակավոր նկարիչ Երվանդ Բիչախչյանի նախաձեռնությամբ, Արթիկ խոշորացված համայնքի նկարիչների և մտավորականների աջակցությամբ և համայնքի ավագանու որոշմամբ Արթիկի գեղարվեստի դպրոցը անվանակոչվեց Վարպետի՝ Հրանտ Թադևոսյանի անունով։

Իր ելույթում Հրանտ Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար՝ ընդգծելով, որ նման պատիվը կենդանության օրոք միաժամանակ մեծ գնահատանք է և պատասխանատվություն․ «Սա պարտավորեցնող է այն առումով, որ իմ կապը դպրոցի հետ էլ ավելի կսերտանա։ Կկազմակերպվեն վարպետաց դասեր, ցուցահանդեսներ, և ես կփորձեմ իմ փորձը փոխանցել ապագա գեղանկարիչներին»,– նշեց Վարպետը։

Ի նշան երախտագիտության՝ նա դպրոցին նվիրեց իր ստեղծագործություններից մեկը՝ «Կակաչների դաշտ» խորագրով մեծածավալ յուղաներկով արված կտավը, ինչպես նաև երեք հատորից բաղկացած ալբոմ-գրքերը։

2026 թվականի փետրվարի 7-ին, արվեստագետների, համայնքի ղեկավարների, ՃՇՀԱՀ-ի պաշտոնական պատվիրակության, դպրոցի աշակերտների և ծնողների ներկայությամբ, հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ դպրոցի անվանակոչման արարողությունը՝ անվանատախտակի բացմամբ։

Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը իր խոսքում ընդգծեց, որ դպրոցի անվանակոչումը հարգանքի և երախտագիտության արտահայտություն է Վարպետի ստեղծագործական ուղու նկատմամբ և կարևոր քայլ համայնքի մշակութային կյանքի կայացման ճանապարհին։

Գույնի և բնության միջոցով մարդու ներաշխարհը բացահայտելու մեծ վարպետ Հրանտ Թադևոսյանի ավանդը չի սահմանափակվում միայն նրա մեծածավալ ստեղծագործական արժեքով։ Անգնահատելի է նաև նրա դերը երիտասարդ սերնդի կրթության և մասնագիտական ձևավորման գործում, որը Վարպետը տասնամյակներ շարունակ նվիրումով իրականացնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։

«Այս անվանակոչությամբ մենք հաստատում ենք մի կարևոր սկզբունք․ կրթական և մշակութային համակարգը պետք է կարողանա գնահատել իրական վաստակը ժամանակին։ Սա ուղերձ է թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին, որ ազնիվ աշխատանքը, հետևողականությունն ու մասնագիտական նվիրվածությունը տեսանելի և գնահատված»,– իր ելույթում նշեց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը՝ կարևորելով դպրոցի և համալսարանի միջև համագործակցության խորացումը աշակերտների մտածողության ձևավորման և մասնագիտական կողմնորոշման համատեքստում։

Նշենք, որ Արթիկի,այսուհետ Հրանտ Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի 96 աշակերտ վերջերս մասնակցել է «Univers Art 2026» միջազգային մրցույթ-փառատոնին, որի արդյունքում 86 սան արժանացել է առաջին մրցանակի, մեկ աշակերտ ստացել է Գրան պրի, իսկ մեկին հանձնվել է հատուկ պատվավոր մրցանակ։ Պարգևները սաներին հանձնել է անձամբ Վարպետը։

Դպրոցի տնօրեն Արա Մերգելյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ դպրոցը տարիների ընթացքում ձևավորել է բազմաթիվ անվանի արվեստագետների, որոնք այսօր էլ շարունակում են աջակցել կրթօջախին։ Նրա խոսքով՝ դպրոցի անվանակոչումը Հրանտ Թադևոսյանի անունով կնպաստի արվեստագետների և կրթական հաստատության համագործակցության առավել ամրապնդմանը, կրթական մակարդակի շարունակական բարձրացմանը և նոր ստեղծագործական ձեռքբերումներին։

17.02.26