(010) 303-300

ԱՎԱՐՏՎԵՑ ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ ՓՈՒԼԸ

Օրերս տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցի նոր մասնաշենքի երկաթբետոնե կոնստրուկցիայի ավարտին նվիրված միջոցառումը՝ «Տանիքի տոն»-ը։ Այս գեղեցիկ ավանդույթը, որն արդեն երկրորդ անգամ է ներդրվում հայկական շինարարական մշակույթում, խորհրդանշում է ոչ միայն աշխատանքի կարևոր փուլերի ավարտը, այլև ստեղծագործ ոգու, թիմային ջանքի և պատասխանատվության տոնակատարությունը։

Միջոցառմանը ներկա էին ՃՇՀԱՀ ղեկավարությունը՝ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի գլխավորությամբ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, իր խոսքում նշեց․«Այսօր մենք ականատես ենք դառնում պատասխանատվության հերթական արձանագրմանը․ Firdus Prime Residence նախագծի կողմից ֆինանսավորվող և հաջողությամբ ընթացող ՃՇՀԱՀ ավագ դպրոցի շենքի «Տանիքի տոն»-ին։ Շենքի կոնստրուկցիոն փուլն արդեն ավարտված է, և կարելի է ասել՝ սա մեր քաղաքաշինական մշակույթի լավագույն նմուշներից մեկն է։ Որպես կառույցի ներկայացուցիչ ողջունում եմ նմանատիպ միջոցառումները և շատ ուրախ եմ, որ այսօր ականատես ենք լինում այդ ներդրումային ծրագրի հերթական հաջող հանգրվանի փաստացի իրականացմանը»։

Firdus Prime Residence ընկերության ղեկավար Արտակ Մակարյանն իր խոսքում հավելեց․«Շնորհակալ եմ բոլորին, որ այսօր մեր կողքին եք։ Այս փուլը մեզ համար նշանակալի է ոչ միայն շինարարական առումով, այլև մարդկային հարաբերությունների։ ՃՇՀԱՀ-ի հետ ձևավորվեց համագործակցության լավագույն մոդելը՝ փոխադարձ հարգանքի և արդյունավետ աշխատանքի հիման վրա։ Այս ամենը հնարավոր դարձավ պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ, որն ամենօրյա աշխատանքի միջոցով ապահովում է ծրագրի որակն ու առաջընթացը։ Ես, իսկապես, հպարտ եմ, որ մասնակից եմ այս կարևոր նախաձեռնությանը»։

ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանն ընդգծեց համագործակցության բացառիկ ձևաչափը․«Սա արդյունավետ օրինակներից մեկն է պետություն–համալսարան–մասնավոր համագործակցության։ Այս մասնաշենքը դրա կենդանի ապացույցն է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնագետներին, նախագծողներին, շինարարներին ու մեր շրջանավարտներին, ովքեր ներդրում ունեն ոչ միայն այս ծրագրում, այլև մեր երկրի բազմաթիվ նախագծերում, որոնք իրականացվում են Երևանում և մարզերում»։

Նոր մասնաշենքը կառուցվում է համատեղելով ճարտարապետական էսթետիկան, ֆունկցիոնալ լուծումները և անվտանգ շինարարական ստանդարտները։ Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2027 ուսումնական տարում:

 

18.11.25