Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչությունը (Project Management Institute, PMI) համագործակցության հուշագրի շրջանակում 2025 թվականի գարնանը նախաձեռնել էին երկօրյա սեմինարների շարք, որի նպատակն էր աջակցել ՃՇՀԱՀ ուսանողների և ոլորտի մասնագետների մասնագիտական զարգացմանը։
«Դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ենթակառուցվածքային նախագծերը և շինարարության կառավարումը» խորագրով սեմինարները ուղղված էին մասնակիցների գիտելիքների ընդլայնմանը՝ շեշտադրելով ժամանակակից շինարարական նախագծերի կառավարման մոտեցումները և դոնոր կազմակերպությունների ներգրավմամբ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի առանձնահատկությունները։
Սեմինարները վարում էին ոլորտի առաջատար մասնագետներ PMI Հայաստանի նախագահ և նախագծերի կառավարման փորձագետ Աստղիկ Սահակյանը, PMI Հայաստանի փոխնախագահ և քաղաքացիական շինարարության ոլորտում ծրագրերի կառավարման մասնագետ Երվանդ Հովհաննիսյանը, լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրավական ապահովման փորձառու մասնագետ Մարիամ Բադեյանը:
Սեմինարների ընթացքում ներկայացվեցին դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող նախագծերի կառուցվածքը, պայմանագրային մոդելները, նախագծերի իրականացման ժամանակացույցի և ռիսկերի կառավարման գործիքները, FIDIC պայմանագրերի առանձնահատկությունները, ինչպես նաև լավագույն գործնական օրինակները։
Առաջիկայում կհանձնվեն բոլոր մասնակիցների հավաստագրերը՝ իրենց մասնագիտական առաջխաղացմանն ուղղված այս կարևոր փուլն արձանագրելու համար, ինչպես նաև ուսանողների ներգրավվածությունն ամրապնդելու նպատակով կիրականացվի խաղարկություն, որի արդյունքում 30 ուսանող կարժանանա PMI-ի տարեկան անդամակցության հնարավորությանը՝ «Azurit» ՍՊԸ-ի և «VGM Projects» ՍՊԸ-ի աջակցությամբ։ Խաղարկությունը նաև հիմք կդնի PMI Հայաստանի ուսանողական ակումբի ստեղծման գործընթացին։