Ավստրիական զարգացման գործակալության «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEVision) նախագծի շրջանակում հոկտեմբերի 27-29-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էին ժամանել նախագծի կոնսորցիումի ներկայացուցիչներ Ավստրիայի Զալցբուրգի, Ղրղզստանի պետական տեխնիկական և Երևանի պետական համալսարաններից։
Եռօրյա հանդիպման ընթացքում մասնակիցները լրամշակեցին ծրագրի շրջանակում ձևավորված դասընթացների մոդուլները, ինչպես նաև քննարկեցին նախագծի կառավարմանն ու հետագա աշխատանքներին առնչվող խնդիրներ։ Նախագծի ղեկավար կազմը հանդիպեց նաև ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանին՝ քննարկելով նախագծի աշխատանքի ընթացքի ու համագործակցության նոր հեռանկարների վերաբերյալ հարցեր։
Նշենք, որ «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» (DEVision) նախագիծը մեկնարկել է 2022 թ․ մարտի մեկից, որը Կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերային ծրագրի (APPEAR) շրջանակում համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ «DEvision» նախագիծը նպատակ ունի ինտեգրելու աշխարհատարածական առցանց և խառը ուսուցման մի շարք դասընթացներ գործընկեր բուհերի բակալավրի ու մագիստրոսական մակարդակի ուսումնական ծրագրերում: Նախաձեռնությունն իրականացվում է «Թվային երկիր» տեսլականի և «թվային փոխակերպման» գաղափարների համատեքստում, որոնք ազդում են հասարակությունների, տնտեսությունների ու շրջակա միջավայրի վրա: Այս նախագծում մշակվելիք դասընթացները ինտեգրվելու են բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերում։ Երեք դասընթաց մշակվելու ու ինտեգրվելու է «Գեոդեզիա և կադաստր» բակալավրիատի ծրագրում, երկու դասընթաց՝ մագիստրոսական ծրագրում: Մշակված դասընթացները՝ որպես շարունակական կրթություն, կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների միջոցով կառաջարկվեն նաև սոցիալական գործընկերներին` հնարավորություն ընձեռելով մասնագիտական հավաստագրման։ Լինելով ուսուցման բաց ռեսուրսներ՝ այդ դասընթացները կնպաստեն «DEVision» նախագծին առնչություն չունեցողների աշխարհատարածական կարողությունների զարգացմանը։