(010) 303-300

ԱՆՊԱՅՄԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆ, ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԵՆ. ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ

Վերջին անգամ մեր երկրում էին անցյալ տարի: Այդ ժամանակ Հայաստանը չէին ճանաչում: Այստեղ էին դասախոս Սյուզան Մոնոյի հետ՝ դիպլոմային աշխատանքն ավարտելու համար:

Լիոնի ճարտարապետական համալսարանի շրջանավարտներ Հյուգո Դագիյոն և Թոմաս Թրոնվին այս տարի հոկտեմբերին Հայաստան ժամանելու այլ պատճառներ ունեին: Նախ՝ Երևանի 2800 ամյակին նվիրված միջոցառումները, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և, վերջապես, երկրաշարժի 30 ամյակը: Վերջին հանգամանքն ամենահիմնավորն էր, քանի որ Գյումրին էր, ի սկզբանե, ֆրանսիացի ուսանողներին և Հայաստանին կապող օղակը:  

«Այսօր մենք սիրահարված ենք Հայաստանին, նրա պատմաճարտարապետական ժառանգությանը, հայերի ակտիվությանն և կենսախինդությանը»՝ անկեղծանում են Հյուգոն ու Թոմասը:  Անցյալ տարի՝ դիպլոմային աշխատանքի համար Գյումրիում բովանդակալի ու ջերմ օրեր անցկացնելուց հետո, արդեն շատ հայ ծանոթներ ունեն: Ուզում են նաև նորերն ունենալ, որպեսզի Հայաստան վերստին վերադառնալու շարժառիթներն ավելանան:

Այս տարի ՃՇՀԱՀ-ի և Լիոնի ճարտարապետական համալսարանների միջև ձևավորված համագործակցությանը միացավ նաև միջազգային ճանաչում ունեցող CRAterre ֆրանսիական լաբորատորիան։ Այս եռակողմանի համագործակցության շրջանակում՝ Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին, Հյուգո Դագիյոն, ով նաև CRAterre լաբորատորիայի կողմից վստահված անձն էր, ներկայացրեց փորձեր «Հողը՝ որպես շինարարական նյութ» խորագրով։ Հողաշեն կառույցներն, ըստ նրա, կենսական անհրաժեշտություն են Գյումրու համար, և այս թեմայով ցուցահանդես բացեց նաև այնտեղ՝ աղետի գոտում:

«Հայաստանացված» և, ինչու ոչ, Հայաստանում ապրելու և ներդրումներ անելու մտադրությամբ ֆրանսիացիները Գյումրին վերականգնելու իրենց մոտեցումն ունեն: Միայն քաղաքաշինական նորմերին հետևելով շենքեր կառուցելը բավարար չէ: Կարևոր է սերտ համագործակցության մեջ մտնել բնակիչների հետ: Նրանք վստահ են՝ Գյումրիում գլխավոր հերոսը բնակիչն է, ուստի նրա հետ դիալոգի մեջ մտնելը, նրա պահանջներն ու ցանկությունները լսելը պարտադիր է:

«Իսկ հայ կանանց մասին ի՞նչ կասեք» հարցին՝ Հյուգոն ու Թոմասն ջերմ ժպտացին. «Հայ կինն էլ է նման պատմական ժառանգության»: Դե, ֆրանսիացիները շատ կնամեծար են:

10.12.18