Անկախությունն ապրում է յուրաքանչյուրի աչքերում. դրսևորումներն ու հայացքներն են տարբեր: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները, սակայն, գրեթե միշտ, նույն ուղղությամբ են նայում և տեսնում գեղեցիկը, յուրօրինակն ու ազնիվը:
Այսօր էլ՝ Հայաստանի Անկախության 27-րդ տարեդարձի նախօրեն, ևս մեկ առիթ է ցույց տալու Հայրենիքի նկատմամբ սերն ու հոգատարությունը: Մեր համալսարանի ճարտարապետներին, դիզայներներին ու շինարարներին համատեղել էր Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված <Անկախության սերնդի աչքերով> ցուցահանդեսը: Փայլող ու հպարտ աչքեր, քաջ զինվորներ, հայկական հողում ծաղկած ծառեր, հայրենի ջուր: Մի քիչ էլ Կոմիտասյան նոտաներ ու կրկին Հայաստան ջան:
Այս բովանդակությամբ լուսանկարներն ու գեղանկարներն էին ողջունում ցուցահանդեսի հյուրերին՝ համեմված համալսարանի տաղանդաշատ երաժիշտների ջութակի և թավջութակի հնչյուններով:
<Անկախությունն ազատություն և մեծ պատասխանատվություն է, մտածելու և ստեղծագործելու ազատություն>. պետք է հենց այսպես մտածես, որպեսզի ծնունդ տաս արվեստի գործերին, Հայրենիքդ գովերգող կտավին, լուսանկարին ու քանդակին: