ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հունիսի 24-27-ը Բոլոնիայում էին գտնվում աշխարհի առաջատար համալսարանների շուրջ 212 ռեկտոր: Նրանց բոլորին մեկտեղել էր Բոլոնիայի պրոցեսի մեկնարկման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները:
Մասնակիցների թվում էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Բոլոնիայի համալսարանի ամենահին մասնաշենքից՝ Արքիջինազիոյից, որտեղից բոլոր ռեկտորները՝ հատուկ հանդերձանքով, շարժվեցին դեպի Կենտրոնական հրապարակում գտնվող Թագավորական պալատ:
Մինչև բուն միջոցառման անցկացումը՝ առավոտյան, Բոլոնիայի համալսարանում էին հավաքվել Իտալիայի համալսարանների ռեկտորներն՝ ամփոփելու անցնող տարվա աշխատանքները: Հատկանշական է, որ իտալացի ռեկտորների «փակ» հավաքին առանձնհատուկ հրավիրված էր նաև մեր համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը: Այստեղ ռեկտոր Գալստյանը հանդիպումներ ունեցավ Բոլոնիայի համալսարանի ռեկտոր Ֆրանչեսկո Ումբերտինիի և պրոռեկտոր Էնրիկո Սանջիորջի հետ, որոնց հետ քննարկեց 2 համալսարանների ապագա համագործակցության հնարավորությունները: Ռեկտորների նեղ կազմով հանդիպումը լայն ու հեռանկարային էր նաև մեր, Միլանի պոլիտեխնիկի և Հռոմի Լա Սապիենցա համալսարանների համար: Նշված բուհերի ռեկտորների հետ Գ. Գալստյանը քննարկեց Դիզայնի և Ճարտարապետության ֆակուլտետների միջև համագործակցության պայմանագրեր կնքելու հնարավորությունը՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի վերաբերյալ:
Արդեն օրվա երկրորդ կեսին մեկնարկեց միջոցառումը, որն իր ողջույնի խոսքով բացեց Բոլոնիայի համալսարանի ռեկտոր Ֆրանչեսկո Ումբերտինին: Ելույթներով հանդես եկան ՅՈՒՆԵՍԿՈ—յի ընդհանուր կրթության դեպարտամենտի տնօրեն Ստեֆանիա Ջիաննին, Եվրոպական համալսարանների ասոցիացիայի նախագահ Մայքլ Մերֆին, Եվրոպական ուսանողական միության նախագահ Ադամ Գաժեկը և այլք: Իսկ արդեն փակման արարողությունը վստահված էր հատուկ հյուր, Իտալիայի կրթության, համալսարանների և հետազոտություների նախարար Մարկո Բուզետտիին:
Համաժողովում հնչած ելույթները հիմնականում ուղղված էին եվրոպական ակադեմիական բարձրագույն կրթական համակարգի վերելքին, զարգացող հասարակարգերում ակադեմիական և դրանց վերաբերող այլ արժեքներին, կայուն զարգացման նպատակով բարձրագույն կրթության դերի բարձրացմանը, ուսանողական կենտրոնացված էկոհամակարգերի նախագծմանը:
Հաջորդ օրերն արդեն հագեցած էին ճանաչողական շրջայցերով ու հանդիպումներով: Ռեկտոր Գալստյանը՝ Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Մարիանջելա Վանդինիի և հայազգի դասախոս, պրոֆեսոր Աննա Շիրինյանի ուղեկցությամբ, այցելեց համալսարանի՝ Ռավեննայում գտնվող Մշակութային ժառանգության պահպանման ֆակուլտետ: Այստեղ ծանոթացավ նաև 3D լաբորատորիայի և Հուշարձանների հետազոտության լաբորատորիայի աշխատանքներին ու աշխատելաոճին:
Հաջորդ կանգառը Չեզենա քաղաքն էր, որտեղ գտնվում է Բոլոնիայի համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետը: Շենքային պայմաններին, կրթական ծրագրերին ու լաբորատորիաներին ծանոթանալուց հետո ռեկտոր Գալստյանը հանդիպեց ֆակուլտետի փոխդեկան Ֆեդերիկո Ֆալլավոլիտայի հետ: Քննարկման թեմաների շարքում էր նաև մոտ ապագայում մշակութային ժառանգության կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցերը: