ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այս օրերին մեր համալսարանում է գտնվում Վիլնյուսի տեխնոլոգիայի և դիզայնի քոլեջի պատվիրակությունը՝ քոլեջի տնօրեն Նիյոլե Կիկուտիենեն, Շինարարության ֆակուլտետի դեկան Լինա Սակալաուսկիենեն, միջազգային հարցերով համակարգող Ինգա Պիշչիկիենեն:
Թեև այցը ԵՄ ԷՐԱԶՄՈՒՍ+ շարժունության ծրագրի շրջանակում է և աշխատանքային, բայց Հայաստանի և Լիտվայի մշակութային, մտածելակերպային ու կենցաղային շատ նմանություններ հյուրերին ստիպում են զգալ իրենց, ինչպես տանը: Այս հանգամանքը նշում են հենց նրանք և ցանկություն հայտնում այսուհետև շփվել ոչ միայն ծրագրերի կամ համաձայնագրերի շրջանակներում, այլ նաև՝ հենց այնպես, բարեկամաբար:
Այդուհանդերձ, համաձայնագիր պետք է, համագործակցության շրջանակներն ավելի մեծացնելու և փոխադարձ հնարավորությունները լայնացնելու նպատակով:
Այսօր Վիլնյուսի տեխնոլոգիայի և դիզայնի քոլեջի տնօրեն Նիյոլե Կիկուտիենեն և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը կնքեցին համագործակցության համաձայնագիր:
Ըստ փաստաթղթի դրույթների՝ երկու կրթօջախներն այսուհետև կհամագործակցեն
գիտահետազոտական ոլորտում, կիրականացնեն ուսանողների և դասախոսների փոխանակում, հետազոտողների և ակադեմիական անձնակազմի վերապատրաստում: