(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՄՓՈՓՎԵՑ «ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Հայաստանի Անձավագիտական կենտրոնի 35-ամյակին նվիրված «Քարանձավները՝ որպես բնական և մշակութային հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողովն այսօր՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփեց իր աշխատանքները:

Փակման արարողության համար ընտրված վայրը պատահական չէր: Ինչպես իր ելույթում նշեց ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ ըստ էության նախամարդն ինքն է եղել իր ճարտարապետը և որոշել, թե ինչպես պիտի քարանձավն իր բնակության համար հարմարավետ դարձնի: Շնորհակալություն հայտնելով գիտաժողովի մասնակիցներին՝ ռեկտորն առանձնակի կարևորեց իտալացի գիտնական Ռոբերտ Բիքսիոյի՝ Արևմտյան Հայաստանում կատարած հետազոտությունները: Ի դեպ՝ համալսարանի գիտխորհրդի որոշմամբ՝ Ռոբերտ Բիքսիոյին շնորհվեց համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Գիտաժողովի բոլոր նյութերը կժողովվեն մեկ գիտական աշխատության մեջ՝ գրքի տեսքով, որը կտրամադրվի գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Այս մասին իր ամփոփիչ ելույթում տեղեկացրեց Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, Հայաստանի անձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը:  

Հիշեցնենք, որ «Քարանձավները՝ որպես բնական և մշակութային հուշարձաններ» միջազգային գիտաժողովը մեկնարկել էր սեպտեմբերի 11-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, այնուհետև շարունակվել մեր համալսարանում:

13.09.19