ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
2022թ․ հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) իրականացվել է Երկրատարածական տվյալների կառավարման (ԱՏՀ/GIS) մասնագետների վերապատրաստման ծրագրի 2-րդ փուլը։
Կադաստրի կոմիտեի և հանրային կառավարման այլ մարմինների միջև տվյալների փոխանակումը դյուրացնելու ու դրանց հավաստիությունը բարձրացնելու համար նպատակահարմար է, որ այդ մարմինները անհրաժեշտ քարտեզագրական և այլ տվյալներ ոչ թե նամակագրությամբ ստանան կամ առցանց եղանակով ներբեռնեն, այլ անմիջականորեն աշխատեն միևնույն աշխարհագրական տեղեկատվական համակարգով (ԱՏՀ)՝ ունենալով տարբեր տեսակի տարածական տվյալների համապատասխան հասանելիություն։ Հենց այդ նպատակով, անցկացվել է համակարգում ընդգրկված կառույցների տեխնիկական անձնակազմի վերապատրաստման դասընթացների 2-րդ փուլը, որի արդյունքում մասնակիցները ստացել են գործնական և տեսական գիտելիքներ, տրամադրվել են ուղեցույցներ։
Վերապատրաստման դասընթացն ընդգրկել է ԱՏՀ ծրագրավորման, վերլուծության, մոդելավորման, ինչպես նաև օդատիեզերական լուսանկարների մշակման, վերլուծության, ֆոտոգրամետրիայի վերաբերյալ թեմաներ։
Ծրագրի ավարտին մասնակիցներին վկայականներ է հանձնել ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը՝ ընդգծելով, որ բուհը շատ կարևորում է պետական կառավարման մարմինների և ակադեմիական միջավայրի համագործակցությունը, քանի որ այստեղ են ծնվում իրական խնդիրների լուծման ուղիները: Նման համագործակցությունները միանշանակ տալիս են դրական արդյունքներ: