(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ապրիլի 3-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից անցկացվող Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները: Այս տարի փառատոնին մասնակցել է Երևանի և 7 մարզերի 21 ուսումնական հաստատությունների շուրջ 110 աշակերտ` ներկայացնելով ընդհանուր թվով 46 անհատական և խմբային գիտահետազոտական նախագիծ:

Փառատոնի եզրափակիչ փուլին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանն  ու Ժաննա Անդրեասյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը, աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը և բազմաթիվ հյուրեր:

Փառատոնի նպատակն էր դպրոցահասակ սովորողների  շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման ու դրանց ներկայացման հմտություններ:

Եզրափակիչ փուլում աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը գնահատեց մասնագիտական հանձնաժողովը, և փառատոնի ավարտին մասնակիցները պարգևատրվեցին վկայագրերով ու մրցանակներով: Հանձնաժողովի գնահատմամբ առավելագույն միավոր ստացած երկու խմբեր հնարավորություն ստացան առցանց եղանակով իրենց նախագծերը ներկայացնելու ս.թ.  մայիսի 3-ից 6-ն ընկած  ժամանակահատվածում ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair): Իսկ մայիսի 16-21-ը տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական փառատոնի արդյունքների ամփոփումը, որի ընթացքում տեղի կունենան դասախոսություններ, քննարկումներ և այլ միջոցառումներ (https://www.societyforscience.org/isef/):

 ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցը «The Yale Science & Engineering» միջազգային կազմակերպության կողմից արժանացավ պատվոգրի «Ռոբոտիկա և խելացի մեքենաներ» անվանակարգում:

Փառատոնի եզրափակիչ փուլի օրակարգը բավականին հագեցած էր. սկզբում մասնակիցները պաստառի տեսքով ներկայացրին նախագծերը ժյուրիին՝ բանավոր հարցուպատասխանի միջոցով պարզաբանելով իրենց գիտական աշխատանքի հիմնական խնդիրը և արդյունքները։ Այնուհետև  աշակերտները շրջայց կատարեցին ՃՇՀԱՀ տարբեր ֆակուլտետներ, մասնակցեցին համալսարանի կողմից կազմակերպված դասախոսություններին՝ ճարտարապետության, դիզայնի, տնտեսագիտության և շինարարության վերաբերյալ:

 

06.04.21