(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ամանորի առիթով տոմսեր նվիրեք ձեր մտերիմներին. Արայիկ Հարությունյանի կոչն ուսանողներին

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի այս տարվա  հաղթողների պարգևատրման արարողությունը:

«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված բարձր առաջադիմությամբ ուսանողները, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, պարգևատրվել են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեից հատկացված անվանական դրամական կրթաթոշակներով: Պարգևներն հանձնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Շնորհավորելով հաղթողներին` նախարարը նշել է, որ ուսանողները կրթության քաղաքականության մշակման ասպարեզում շարունակում են մնալ նախարարության ամենակարևոր գործընկերներց մեկը. «Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ձեր կարիքն ավելի շատ ենք ունենալու,  որովհետև բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծի քննարկումներն առաջիկայում շարունակվելու են ուսանողների ակտիվ մասնակցությամբ: Չենք ուզում ասել, որ նախագիծն անթերի է, բայց  փորձել ենք լուծում տալ հիմնական բոլոր խնդիրներին: Մեր առաջարկած լուծումները քննարկումների ժամանակ հղկվում են»,-նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է նաև ուսանողների գալիք Ամանորը` ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ջանքեր է գործադրում Նոր տարին մշակութային հագեցվածությամբ նշելու նոր մշակույթ ձևավորել. «Օգնեք մեզ տարածել այդ գաղափարը. մենք առաջարկում ենք տոնը  լիարժեք դարձնել այցելելով մշակութային հաստատություններ` թատրոններ և թանգարաններ, որոնք տոնական օրերին ծառայություններ են մատուցելու: Ամանորի առիթով տոմսեր նվիրեք ձեր մտերիմներին, դասախոսներին և ռեկտորներին, նրանք էլ թող ձեզ նվիրեն»,- իր խոսքն ամփոփելով կոչ է արել Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթի ամփոփմանը ներկա են գտնվել ՀՀ բուհերի ռեկտորները, ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գ. Թամրազյանը: Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական: Ներբուհական փուլն ավարտելուց հետո բուհերը մինչև հոկտեմբերի 20-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացրել մրցույթի առաջին փուլի արդյունքներով հաղթած ուսանողների փաստաթղթերը:

          ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի դեկտեմբերի 2-ի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովն ամփոփել է երկրորդ` հանրապետական փուլի արդյունքները և հաղթող է ճանաչվել (1-3-րդ տեղեր) բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններում սովորող 38 ուսանող՝ 15 բուհից: Մրցանակները տրվել են 7 ոլորտներում (բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն, մշակույթ, սպորտ):

2019 թ. «Լավագույն ուսանող» մրցույթում 1-ին տեղը շնորհվել է 14 ուսանողի, 2-րդ և 3-րդ տեղերը` 12-ական ուսանողի.             

1-ին տեղ` 420.000 /չորս հարյուր քսան հազար/ դրամ,
2-րդ տեղ՝ 300.000 /երեք հարյուր հազար/ դրամ,
3-րդ տեղ՝ 210.000 /երկու հարյուր տաս հազար/ դրամ:

24.12.19