(010) 303-300

Ալբերտ վայլերը՝ մեր համալսարանի պատվավոր դոկտոր

Այսօր Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը բազմամարդ ու բազմալեզու էր, օրը՝ նշանակալի: Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ եւ Միլդա քաղաքի քաղաքապետ Ալբերտ Վայլերը մեր համալսարանում էր:

Իր հայանպաստ գործունեությամբ Գերմանիայում հայտնի Վայլերի այցը Հայաստան հերթականն էր, մեր համալսարան, սակայն, առաջինն ու հատկանշականը: Հայ-գերմանական բարեկամության ամրապնդման հարցում ունեցած իր մեծ ավանդի համար Ալբերտ Վայլերին շնորհվեց Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ՙՊատվավոր դոկտորի՚ կոչում:

Պարգեւատրման արարողության ներկա էին Հայաստանում ու Գերմանիայում երկու երկրների արտակարգ եւ լիազոր դեսպաններ Մաթիաս Քիսլերը, Աշոտ Սմբատյանը, ՀՀ Ազգային ժողովի հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Արտակ Դավթյանը, մեր համալսարանում գտնվող Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի համալսարանների դասախոսները, ՃՇՀԱՀ պրոռեկտորներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Իր ողջույնի խոսքը ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը սկսեց երախտիքի խոսքերով՝ ուղղված Ալբերտ Վայլերին՝ Գերմանիայում հայանպաստ գործունեության եւ Բունդեսթագում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը մշտապես արդիական պահելու համար: Ռեկտոր Գալստյանը հյուրերին ներկայացրեց մեր համալսարանի ուսումնական, գիտական ու մշակութային ակտիվ գործունեությունը, միջազգային կապերը, բազմաթիվ մրցույթներում ունեցած հաղթանակները, շարունակաբար կազմակերպվող միջազգային գիտաժողովներն ու համաժողովները, ինչպես նաեւ համալսարանում ուսանող օտարազգի ուսանողների թիվը եւ նրանց հետ իրականացվող համատեղ աշխատանքները:

Պատգամավոր Արտակ Դավթյանը կոչման շնորհումը հենց մեր համալսարանի կողմից պատահական չհամարեց: Նա նկատեց, որ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, նախ, երկրի լավագույն կրթօջախներից է եւ, երկրորդ, անմիջական կապ ունի Ալբերտ Վայլերի մասնագիտության հետ: Բացարձակ լավ մարդ ու քաղաքական գործիչ որակելով իր գերմանացի գործընկերոջը՝ Ա. Դավթյանը նշեց, որ գործող Գերմանիա-Հյուսիսային Կովկաս ֆորումից զատ, 2015թ-ին Վայլերը որոշեց ստեղծել Գերմանահայկական ֆորում, որի նպատակը հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային եւ գիտական կապերի ընդլայնումն ու խթանումն է:

Հայաստանին սիրահարված եւ Հայաստանի կողմից դեպի Արարատ լեռը գնալու մեծ ցանկությամբ Ալբերտ Վայլերը շնորհակալություն հայտնեց Գագիկ Գալստյանին՝ ՃՇՀԱՀ-ի  « Պատվավոր դոկտոր» -ի կոչմանն արժանանալու համար: Նա պատմեց Բունդեսթագում ծավալած իր գործունեության, դեսպան Սմբատյանի եւ պատգամավոր Ա. Դավթյանի հետ անցած ճանապարհի մասին: Ալբերտ Վայլերը տեղեկացրեց, որ Հայաստան է եկել իր ղեկավարած համայնքի 5 աշակերտների հետ՝ 10-օրյա փոխանակման ծրագրով և նախատեսվում է նաեւ հայ աշակերտների փոխադարձ այցը Գերմանիա. «Այս ծրագիրը տնկի է, որը պետք է աճի և ամրացնի հայ-գերմանական բարեկամությունը»,-հույս հայտնեց Վայլերը:

Կրկին շնորհակալություն հայտնելով միմյանց ջերմ ու հեռանկարային հանդիպման համար, և արդեն հաջորդ հանդիպման ակնկալիքով՝ կողմերը փոխանակվեցին հուշանվերներով:

05.05.16