ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
«Աբոն էնպիսի մարդ էր, ում մասին էնքան բան կա ասելու, որ չգիտես ինչ ասես… Մեծատառով մարդ, ում նկատմամբ պատկառանքն անսահման է…»:
Ընկերներին և ուսանողներին հուզմունքը խանգարում էր, բայց տաղանդավոր ընկերոջը, դասախոսին, շնորհալի ճարտարապետին ու նկարչին չհիշել, նրա կյանքի ամենագունեղ ու կարևոր դրվագները չպատմել նրանք պարզապես չէին կարող:
Այսօր նկարիչ, ճարտարապետ, դիզայներ Ալբերտ Սոխիկյանի ծննդյան 70 ամյակն է: Մահկանացուն կնքելով 69 տարեկանում՝ նա հասցրեց անչափելի ժառանգություն թողնել՝ մեծաթիվ աշխատանքների ու հարուստ, սոխիկյանական դաստիարակությամբ լցված ուսանողների տեսքով:
Հենց այդ ուսանողներն էին այսօր նախաձեռնել Ալբերտ Սոխիկյանի ծննդյան օրվան նվիրված ցուցահանդեսը, որտեղ փակցված յուրաքանչյուր նկար պատմում էր վարպետի կյանքի, համալսարանում անցկացրած օրվա, ուսանողների հետ կիսած ապրումների մասին:
Ցուցահանդեսին ներկա էին ինչպես ռեկտոր Գագիկ Գալստյանը, այնպես էլ Ալբերտ Սոխիկյանի զավակները, բոլոր գործընկերներն ու, պարզապես, ընկերները, որոնցից յուրաքանչյուրը մի քանի նախադասությամբ փորձեց ճիշտ գույներով ներկայացնել Սոխիկյան անհատին, ընկերոջը, վաստակաշատ նկարչին ու ճարտարապետին:
Բոլորի հիշողություններում գերակշիռ էր Ալբերտ Սոխիկյանի սերը դեպի իր ուսանողները. «Նրա օրը սկսվում էր մի գավաթ սուրճով և ուսանողների հետ գրկախառնությամբ…», և այս ցուցահանդեսն ամենամեծ նվերն ու գնահատականն է հավերժ ապրող Ալբերտ Սոխիկյանին: