ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԵՑ՝ ՈՐՊԵՍ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏ»

Այսօր ՀՀ Ճարտարապետների միությունում տեղի ունեցավ միության 19-րդ համագումարը: Համագումարին ներկա էին միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը,  փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանի  Շինարարների միության նախագահ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Հայաստանի Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը, միության անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ։ Միության 244 անդամներից համագումարին ներկա էին 196-ը։

Ողջունելով ներկաներին՝ պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը  միության 19-րդ համագումարը պատմական որակեց այն առումով, որ միությունը վերակազմավորվում է՝ որպես «Ճարտարապետների պալատ»:

Համագումարի օրակարգում Հայաստանի ճարտարապետների օրենսդրական կարգավիճակի հարցերն էին «Հայաստանի ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող  կազմակերպության  անհրաժեշտ  կանոնադրության և վերակազմավորման համար փաստաթղթերի հաստատումն ու Ճարտարապետների պալատի նախագահի ընտրությունը:

Նա նշեց, որ գրեթե բոլոր երկրներում պետության կողմից սահմանված ճարտարապետների կարգավիճակը շատ հստակ է և ուժեղ՝ հավելելով, որ դեռևս 1992թ-ին էր դրվել այն հարցը, որ ճարտարապետներին միավորող կառույցը չի կարող լինել զուտ հասարակական միավորում. «Այսօր, բարեբախտաբար, կարողացանք հասնել նրան, որ ընդունվեց «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը: Եվ հետխորհրդային երկրներում ճարտարապետներին միավորող կառույցին տրված այս կարգավիճակով Հայաստանն առաջինն է»: Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ ըստ ՀՀ Ազգային ժողովի՝  2017թ-ի դեկտեմբերի 6-ին՝ 92 կողմ ձայնով միաձայն ընդունված՝ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի, Հայաստանում ճարտարապետների միության բազայի հիման վրա պիտի ձևավորվեր ոլորտի գործունեությունը կարգավորող նոր մարմին` Ճարտարապետների պալատը: Այսօր՝ միության 19 րդ  համագումարում  Ճարտարապետների  պալատի  վերակազմավորումը  հաստատվեց.  «Պալատի կարգավիճակը պետության կողմից հաստատված է: Այն լուրջ բազա է, որ ճարտարապետների ապագա սերունդն այլ պայմաններում աշխատի»,- հավելեց Նարեկ Սարգսյանը:

Համագումարին ներկա փոխքաղաքապետ Կամո Արեյանը վստահեցրեց, որ  քաղաքապետարանը կշարունակի իր համագործակցությունը ապագա ճարտարապետների պալատի հետ. «Մենք պետք է ողջամտորեն ընդունենք նոր կյանքի մարտահրավերները, և միասնաբար ամուր պահենք մեր ունեցած դասական ճարտարապետությունը»։

Համագումարի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց նաև ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:  Շնորհավորելով  ճարտարապետական գործունեության օրենքի ընդունման կապակցությամբ՝ ռեկտոր Գալստյանը հույս հայտնեց, որ նորակազմ Ճարտարապետների պալատն իր գործունեությամբ էլ ավելի կնպաստի հայկական ճարտարապետության զարգացմանը և դիմագծի պահպանմանը: «Առանձնակի նշելով ճարտարապետների միության և մեր բարեկամական ու գործնական հարաբերությունները՝ մասնագիտական կադրերի պատրաստման, քաղաքաշինական խնդիրների լուծման գործերում, հավաստիացանում եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ կլինի ավելի սերտ և արդյունավետ»,- հավելեց Գ. Գալստյանը:

Նշենք, որ այսօր հրավիրված համագումարի ընթացքում նախատեսված է ընտրել  նախկին Ճարտարապետների միության փոխարեն նոր կազմավորված «Ճարտարապետների պալատ» ինքնակառավարվող միավորման նոր նախագահին։

 

 

17.03.18

 2,258 просмотров всего,  1 просмотров сегодня