Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

Ճարտարապետության ԵՎ Շինարարության
Հայաստանի ազգային համալսարան

Եվրոպական հավատարմագրում ունեցող համալսարան

«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ժամեր առաջ մեկնարկեց «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը:
Հյուրերին ընդունեցինք՝ ըստ համալսարանի կարգի և ավանդույթի՝ հայկական ջերմությամբ, շնորհաշատ ուսանողների աշխատանքներով ու բազմալեզու ողջույններով: Հյուրերը տպավորված էին, հիացած և պատրաստ՝ սկսել աշխատանքները արևոտ ու հյուրընկալ երկրի ամենագրկաբաց համալսարանում:
Թվով11-րդ գիտաժողովը, որի նպատակը գիտական հետազոտությունների արդյունքները, ճարտարապետության և շինարարության ոլորտներում դրանց գործնական լուծումները ներկայացնելն ու միջազգային գիտական համագործակցություն հաստատելն է, Չինաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Միացյալ Նահանգների, Իրանի և Վրաստանի ճարտարապետաշինարարական համալսարանների ռեկտորներին, դեկաններին ու պրոֆեսորներին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում է համախմբում արդեն 3-րդ անգամ՝ 2008թ-ին, 2010թ-ին և 2016թ-ին, երբ նշում էինք մեր համալսարանի հիմնադրման 95 ամյակը:
«Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» գիտաժողովի՝ աշխարհի լավագույն համալսարաններից ժամանած մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ռեկտոր Գագիկ Գալստյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներին և վերստին ընդգծելով գիտաժողովի կարևորությունը ճարտարապետության և շինարարության առջև ծառացած խնդիրների բարձրաձայնման, տարբեր ազգությունների և մշակույթների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակման և տվյալ ոլորտների գիտական գործունեության միջազգայնացման ու հանրահռչակման տեսանկյունից. «Գիտաժողովը կմեկտեղի նախանշված ոլորտների հավաքական գիտական ներուժը, ցույց կտա ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գիտական կյանքում առկա որակական փոփոխություններն ու առաջընթացը, կնախանշի նոր ուղղություններ՝ դառնալով հետագա գործունեության յուրօրինակ ուղենիշ», – նշեց ռեկտորը՝ հավելելով, որ գիտաժողովն անգնահատելի հարթակ է նաև ուսանողների՝ մեր ամուր ապագան կառուցողների, վաղվա մասնագետների, դասախոսների, գիտնականների ներգրավվածության առումով, քանի որ լսել և վերցնել պրոֆեսիոնալ ու նշանակալի մարդկանց տարիների փորձառությունն, ինքնին յուրատեսակ ուսումնառության պրոցես է:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը թեև ներկա չէր, սակայն գիտաժողովի մասնակիցներին իր ողջույններն էր հղել ուղերձի տեսքով, որում, մասնավորապես ասված էր. «21-րդ դարում տնտեսության զարգացման ժամանակակից պահանջներն ուղղակիորեն պայմանավորված են գիտատար ճյուղերի՝ այդ թվում ճարտարապետության և շինարարության ներուժի համախմբմամբ և արդիականացմամբ: Նմանատիպ միջոցառումների անցկացումը կարևոր է և խրախուսելի, քանի որ դրանց շնորհիվ ապագայի ակնկալիքներն ու սպասելիքներն առավել հավակնոտ են դառնում: Գիտաժողովի բոլոր համակազմակերպիչներին ու մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և հաջողություններ»:
Այն, որ գիտաժողովը մեծ հնարավորություն է ճարտարապետների և շինարարների մտքի թռիչքի, հնարավորությունների և նոր գաղափարների համար, համաձայն է նաև ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը և վստահ, որ գիտաժողովի մասնակիցները մեր երկիրը դեռ շատ կկարոտեն:
Ինչ վերաբերում է կարոտելուն, ապա դրա նախանշաններն արդեն ակնհայտ էին, երբ իր տպավորություններով մեզ հետ էր կիսվում Վրաստանի Շինարարության ակադեմիայի ակադեմիկոս Մալխաս Բեդիաշվիլին: Խոստովանում է՝ ճիշտ է, իրեն առավել հետաքրքիր է սեյսմիկ շինարարությունը, քանի որ Վրաստանում դեռևս սեյսմիկ նորմերին համապատասխան շենք-շինություններ չեն կառուցվում և գիտաժողովը մեծ հնարավորություն է հայերի փորձին տիրապետելու համար, սակայն չի կարող թաքցնել նաև ոգևորությունը երևանյան արևի ու ոսկե աշնան նկատմամբ:
Արդեն 3-րդ անգամ Հայաստանում գտնվող Պեկինի Շինարարության և ճարտարապետության համալսարանի մագիստրոսական դպրոցի ղեկավար Ցի Ժենգշին նույնպես սիրով էր սպասում համաժողովի՝ հայաստանյան ընթացքին և կարևորում այն, հատկապես, փորձի փոխանակման ու նոր ընկերների ձեռքբերման համատեքստում:
Հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ «Ճարտարապետություն և շինարարություն – արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովի բանախոսները հանդես կգան «Ճարտարապետություն», «Շինարարություն, շինարարական մեխանիկա, նյութեր, տեխնոլոգիաներ», «Շինարարական և կապակցող նյութերի, բետոնների տեխնոլոգիաներ, ժամանակակից նյութերի կիրառումը ճարտարապետությունում», «Բնապահպանական ճարտարագիտություն», «Շենքերի և կառույցների ճարտարագիտական ապահովում», «Գեոդեզիա՝ ներառյալ քարտեզագրություն և կադաստր», «Building information modeling (BIM) և Geographic Information System (GIS) տեխնոլոգիաների կիրառումը շինարարական ինդուստրիայում» թեմաներով գիտական զեկույցներով։
Իսկ արդեն հոկտեմբերի 16-ին՝ մեր հյուրերը կծանոթանան Հայաստան աշխարհի պատմաճարտարապետական ժառանգության հետ, կվայելեն աշնան արևը և անպայման իրենց հետ կտանեն լուսավոր ու ժպտառատ լուսանկարներ՝ մեզ հիշելու և հաջորդ հանդիպմանն անհամբեր սպասելու համար:

2,269  Ընդամենը Դիտված, 5 Դիտվել է այսօր

14.10.19

2,270  Ընդամենը Դիտված, 6 Դիտվել է այսօր