ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ «Համալսարանի զարգացման հեռանկարները» խորագրով երկօրյա համաժողովի ամփոփիչ նիստը։

Համաժողովի աշխատանքների մեկնարկը տրվել էր փետրվարի 4-ին Աղվերանում: Երկօրյա համաժողովին համալսարանականները ներկայացան բազմաբովանդակ ու հետաքրքիր զեկույցներով։

Ամփոփիչ նիստի ընթացքում մանրամասնորեն քննարկվեցին ներկայացված 141 զեկույցներն ու առաջարկները և  որոշվեց դրանք խմբավորել ըստ համապատասխան ուղղությունների (կրթություն և գիտություն, հետազոտություն, նորարարություններ, միջազգայնացում, մարդկային և ընդհանուր ռեսուրսներ) և հետագայում, հետամուտ լինել դրանց իրականացմանը ։

Ելույթ ունեցավ կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, ով մանրամասն ներկայացրեց համալսարանի միջազգային վարկանիշավորման համակարգերում ընգրկվելու  գործընթացի և արդեն առկա արդյունքների մասին։ Մասնավորապես, ներկայացվեց միջազգային QS վարկանիշավորման համակարգի կողմից համալսարանի գնահատման արդյունքները: Ուրվագծվեցին համալսարանի ուժեղ ու թույլ կողմերը՝ ըստ QS վարկանիշավորման համակարգի: Որոշվեց առավել մեծ ուշադրություն դարձնել հատկապես այն ուղղություններին, որոնց ուժեղացումն էլ ավելի բարձր վարկանիշ կապահովի համալսարանին:

Առաջարկով հանդես եկավ ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Նա, մասնավորապես, նշեց, որ կրթական ծրագիր իրականացնող ամբիոններն այլ ամբիոններին դասընթացի մշակման «պատվեր» իջեցնելուց բացի, պետք է հաշվի առնեն նաև տվյալ դասընթացի կապը ոչ թողարկող ամբիոնների կողմից իրականացվող այլ դասընթացների և այդ դասընթացներից բխող պահանջների հետ։ Արդյունքում, ինչպես համապատասխան դասընթացները մշակող ամբիոնների, այնպես էլ դրանց անձնակազմերի միջև կձևավորվի ոչ միայն ուղղահայաց համագործակցություն (թողարկող ամբիոնից իջեցված «պատվերի» կատարում), այլ նաև՝ հորիզոնական համագործակցություն (դասընթացների միջև եղած կապի և փոխադարձ պահանջների հաշվի առնում): Արդյունքում, ամբիոնները, անկախ այն բանից թողարկող են, թե՝ ոչ, ակտիվ մասնակցություն կունենան մեկը մյուսի դասընթացների ծրագրերի մշակման աշխատանքային գործընթացներին: Ինչը թույլ կտա առավել հստակորեն ուրվագծել ոչ թողարկող ամբիոնների աշխատանքը։ Մասնավորապես, պարզ կդառնա, թե կրթական որ ծրագրի համար ինչպիսի դասընթաց է անհրաժեշտ և ինչ խորությամբ է այն իրականացվելու:

Ամփոփելով համաժողովի աշխատանքը` ռեկտոր Ե. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին հետևողական, արդյունավետ աշխատանքի և համալսարանի զարգացմանը նպատակաուղղված  առաջարկների համար։

 893 просмотров всего,  1 просмотров сегодня

15.02.21

 894 просмотров всего,  2 просмотров сегодня