(010) 303-300

ԱՎԱՐՏՎԵՑ «LIRA SAPR» ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՆՔԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ավարտվեց ՃՇՀԱՀ Նորարարությունների ու ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժնի կողմից կազմակերպված «LIRA SAPR» ծրագրային փաթեթի կիրառությունը շենքերի նախագծման բնագավառում» դասընթացը: «LIRA SAPR» հաշվարկային ծրագիրը էական նշանակություն ունի շենքերի նախագծման բնագավառում: Ծրագրի հիմքում ընկած է վերջավոր տարրերի մեթոդը և թույլ է տալիս ճշգրիտ գնահատել շենքերի կրող տարրերի լարվածադեֆորմատիվ վիճակը։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին փոխանցել անհրաժեշտ հմտություններ կրող համակարգերով շենքերի և կառույցների համակարգչային մոդելավորման և հաշվարկի, ՀՀ գործող շինարարական նորմերով նախագծման պահանջների վերաբերյալ:

Ծրագրի ընթացքում ՃՇՀԱՀ Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի տ․գ․թ․, դոցենտ Հովհաննես Ավագյանը մասնակիցներին ներկայացրել է վերջավոր տարրերի մեթոդի առանձնահատկությունները, հաշվարկային մոդելի ստեղծումը, կոշտությունների ներմուծումը, բեռնվածքների ներմուծումը, եզրային պայմանների ներմուծումը, գրունտային պայմանների ներմուծումը, վերլուծության փուլերի մեկնաբանումը, արդյունքների դուրս բերումը և ձևակերպումը։

ՃՇՀԱՀ Նորարարությունների ու ձեռներեցության աջակցման և դրամաշնորհների բաժնի ղեկավար Լուսինե Հարությունյանը նշեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, և արդեն նախատեսվում է հաջորդ խմբի վերապատրաստումը: Հավելեց, որ նպատակ ունեն  ընդլայնել ծրագրի ուղղությունները և դասընթացում ներառել նաև դրանք:

Ծրագրի ավարտին դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները համալսարանի կողմից ստացան ավարտական վկայականներ։

 

07.11.24