ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի և PROFAL ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի, համագործակցության հուշագիր կնքեցին:  Գործատու-համալսարան համագործակցությունը՝ բուհի ռազմավարական ուղղություններից մեկն է:

Սույն հուշագրի շրջանակում երկու կողմերն իրենց ջանքերը, փորձն  ու հնարավորությունները համատեղելու պատրաստակամություն են հայտնում՝ ի նպաստ երիտասարդների մասնագիտական որակների կատարելագործմանը, գիտելիքների ամրապնդմանը ու խորացմանը և կարիերային զարգացման ապահովմանը։

Միջոցառման մասնակիցները նախ շրջայց կատարեցին համալսարանի Գրունտների մեխանիկա ուսումնագիտական, Շինարարական քիմիայի, Շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնահարցերի ուսումնագիտական ու Շինարարական նյութերի և պատրաստվածքների ուսումնագիտափորձարարական լաբորատորիաներում, ծանոթացան դրանց տեխնիկական հագեցվածությանը, շինարարական տարբեր ընկերությունների համար իրականացվող լաբորատոր փորձարկումների  ընթացքին, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ողջունելով համագործակցության մեկնարկը, նշեց. 

«Մեր թիվ մեկ գործընկերը գործատուներն են։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր ուսումնական ծրագրերը մշակվեն և իրականացվեն գործատուի և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։ Բոլորիս կողմից համոզմունք եմ հայտնում, որ Համալսարանը կանի ամեն հնարավորը, որպեսզի այս գործընկերությունն ունենա բարձր արդյունավետություն: PROFAL-ի հետ հետաքրքիր համագործակցություն ենք ակնկալում․մեր ուսանողները հնարավորություն կունենան գործատուից ստանալ դիպլոմային աշխատանքների կարևոր թեմաներ և միասին՝ Ընկերության համապատասխան բաժինների մասնագետների հետ, աշխատել դրանց վրա։  Այս համագործակցությամբ ընդլայնվում են երիտասարդ մասնագետների համար գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունները»:

Ռեկտոր Եղիազար Վարդանյանը հավելեց, որ պատրաստ են PROFAL ընկերությունից լսել առաջարկություններ, որոնք լրամշակվելուց հետո կրթական ծրագրերում կորող են դառնալ ընտրովի առարկաներ։

PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը կարևորեց մասնավոր հատված-բուհ համագործակցությունը՝ հատկապես շեշտելով աշխատաշուկան որակյալ ու պրոֆեսիոնալ մասնագետներով համալրելու փաստը.

«Յուրաքանչյուր կազմակերպության հաջողության գրավականը հմուտ, բանիմաց ու պրոֆեսիոնալ թիմն է։ Մենք մեծապես կարևորում ենք ոլորտում բաձր որակավորում ունեցող, իրենց գործի գիտակ մասնագետների առկայությունը։ Այսօր Հայաստանի ճարտարապետության և շինարարության ոլորտներում որակյալ կադրերի, տարբեր նախագծերի, և փորձի փոխանակման կարիք կա։ Կարծում ենք, որ այս հուշագրի շրջանակում կկարողանանք նաև հետաքրքիր ու կարևոր ծրագրերի միջոցով մեր ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում։ Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցություն կունենանք, ու Համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ հնարավորություն կունենան հմտանալու և պրակտիկ փորձ ձեռք բերելու PROFAL-ի գործունեության գրեթե բոլոր ոլորտներում»:

Էդգար Ավետիսյանը նաև նշեց, որ ընկերության ինժեներական մեծ թիմը պատրաստ է հյուրընկալել, մասնագիտական պրակտիկաներ անցկացնել ուսանողների հետ, կիսվել իրենց  փորձով, և հետագայում Ընկերությունը հնարավորություն կընձեռի երիտասարդ ու տաղանդավոր կադրերին ունենալ մրցունակ պայմաններով պահանջված աշխատանք:

Հուշագրի շրջանակում՝ PROFAL ըկերությունը և Համալսարանը կկազմակերպեն ուսումնական պրակտիկաներ, սեմինարներ, վարպետության դասեր, հանդիպումներ տարբեր մասնագետների հետ և բաց դռների օր՝ Ընկերության  աշխատանքներն ու գործառույթները ներկայացնելու նպատակով:

Համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանը, միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը, աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, ինչպես  նաև PROFAL ըկերության մասնագիտական թիմը։

Հանդիպման ընթացքում հուշագրի կողմերը և ներկաները քննարկեցին Հայաստանում ճարտարապետության և շինարարության ոլորտների զարգացմանը նպաստելուն ուղղված նմանատիպ համագործակցություններն ու դրանց ընձեռած հնարավորությունները և  պայմանավորվեցին առաջիկայում հանդիպել ու ներկայացնել կրթության, մասնագետների փոխանակման և այլ ոլորտներում երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ համատեղ միջոցառումներն ու հնարավոր ծրագրերը:

Տարեսկզբից համալսարանը համագործակցության հուշագիր է կնքել «Գազպրոմ Արմենիայի» և «Հարավ կովկասյան երկաթուղի» ընկերությունների հետ:

 457 просмотров всего,  3 просмотров сегодня

28.04.21

 458 просмотров всего,  4 просмотров сегодня