(010) 303-300

Քաղաքաշինության ամբիոն

Ճարտարապետական մասնագիտության ողջ ընթացքում քաղաքաշինական կրթությունը միշտ եղել է ճարտարապետների ձևավորման ծրագրի բաղկացուցիչ մաս: Մինչև ամբիոնի հիմնումը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնում կատարվում էր մասնագիտացում երեք ուղղությամբ, որոնցից մեկը քաղաքաշինությունն էր: Քաղաքաշինության ամբիոնը հիմնվել է 1991 թ.: 1991-1992 թթ. ամբիոնը ղեկավարել է ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Աշոտ Կանայանը, իսկ 1992-2008 թթ.՝ ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանը, 2009-2015թթ՝ ճարտարապետության թեկանծու պրֆեսոր Սիրեկան Օհանյանը, 2015-ից առ այսօր Ճարտարապետության  թեկանածու պրոֆեսոր Զարուհի Մամյանը։

Ամբիոնի կայացման գործում կարևոր դեր են ունեցել հայտնի ճարտարապետներ Էդուարդ Պապյանը, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Ավետիք Միրիջանյանը, ինժեներ Ռոմուալդ Գեղամյանը,  ճարտարապետ Սարգիս Նազարյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մարտին Թովմասյանը:

 Ամբիոնի հիմնումը նոր խթան հանդիսացավ քաղաքաշինական կրթության համար, ներդրվեցին նոր տեսական և գործնական դասընթացներ, հստակեցվեցին ճարտարապետական նախագծման առարկայի կազմում քաղաքաշինական նախագծերի տեղը, նպատակներն ու մեթոդները: Այսօր, ամբիոնի հիմնումից 30 տարի անց ստեղծվել է ճարտարապետների և շինարարների քաղաքաշինական կրթության կուռ համակարգ: Այն բաղկացած է երկու հիմնական մասից՝  տեսական պատրաստում և գործնական նախագծում:

Կուրսային և դիպլոմային նախագծման դասավանդման հիմքում դրված է հետևյալ հիմնական սկզբունքը՝ խնդրի և տարածքի ուսումնասիրություն, վերլուծություն, տարածքի համալիր գնահատում,  նախագծի ծրագրի (առաջադրանքի) իրականացման հայեցակարգի ձևավորում և մշակում ՝  նախագծում: Ուսանողը, որ կուրսում էլ որ լինի, կուրսային  նախագիծը կատարելիս, իր աշխատանքը սկսում է տեղանքի քարտեզագրական ու բնապայման ուսումնասիրություններից, որի հիման վրա բացահայտում է նախագծային խնդիրները  և մշակում նախագիծը: Կուրսային և դիպլոմային նախագծերի թեմաները որպես կանոն, արձագանքում են այսօրվա քաղաքաշինական խնդիրներին:

Քաղաքաշինության ամբիոնի շրջանավարտները բազմակի արժանացել են զանազան հանրապետական և միջազգային ստուգատեսների և մրցույթների մրցանակների (ղեկավարներ՝ Ա. Առուստամյան, Ա.Կանայան, Գ.Մուշեղյան, Մ.Թովմասյան, Ս.Ամիրաղյան, Ն.Չիլինգարյան, Ս. Օհանյանը, Մ.Հովհաննիսյան, Մարգ. Հովհաննիսյան, Է․Հովհաննիսյան,  Զ. Մամյան, Ս.Ջիլավյան, Ս.Պետրոսյան): Ամբիոնը համագործակցում է նախագծային կազմակերպությունների հետ («Երևաննախագիծ», «Հայնախագիծ»):

Ամբիոնի աշխատակիցները այսօր մասնակցում են զանազան գիտատեխնիկական ծրագրերի ու գիտական թեմաների մշակմանը, այդ թվում՝ շինարարական նորմերի, հաճախ լինելով աշխատախմբերի ղեկավարներ: Շատերը մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում են նախագծային ստեղծագործական գործունեությամբ: Հեղինակ են բազմաթիվ նախագծերի ու կառույցների: Առաջատար դասախոսները ընդգրկված են միջազգային ու հանրապետական  ճարտարապետական ակադեմիաներում, ստեղծագործական, գիտական և հասարակական կազմակերպություններում ու խորհրդներում:

Ամբիոնը առաջատարներից է  միջազգային համատեղ համագործակցության ոլորտում՝ ուսանողական նախագծային շաբաթներ կազմակերպելու մասով։ Գործընթացը սկսվել է դեռ 1993 թվականից՝ Ֆրանսիայի Պարի-Վիլեման ճարատարապետական դպրոցի և ՃՇՀԱՀ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում նախատեսված էր դիպլոմային աշխատանքների համատեղ ղեկավարություն և պաշտպանություն:

1997թ Պարի-Վիլեման ճարատարապետական դպրոցի երեք ուսանողներ մշակեցին իրենց դիպլոմային նախագծերը Երևանի տարբեր թաղամասերի քաղաքաշինական վերակառուցման թեմայով: Նախագծերի մշակմանը մասնակցում էին ամբիոնի դասախոսներ Ա.Կանայանը և Ն.Չիլինգարյանը: Նախագծերի պաշտպանությունը տեղի ունեցավ 1998թ-ին Փարիզում: Հանձնաժողովի կազմում՝ ֆրանսիացի մասնագետների հետ մեկտեղ ընդգրկված էր Աշոտ Կանայանը: Բացի այդ ամբիոնի շատ դասախոսներ վերապատրաստվել են միջազգային դպրոցներում․ Ն․ Չիլինգարյանը, Զ․ Մամյանը, Ա․ Կանայանը, Ն․ Ավետիսյանը, Մ․ Մինասյանը և ուրիշները։

2003թ․- ի վեր ՃՇՀԱՀ-ը անդամակցում է  REA-ին (Ֆրանսիական և Արևլյան ու կենտրոնական Եվրոպայի Ճարտարապետական դպրոցների ցանց), որի ամենամյա հանդիպումների  շրջանակներում կազմակերպվում է ուսանողական մրցույթ-ստուգատես և դասախոսների գիտաժողով: 2004թ․, 2005թ․ և 2006թ․ REA-ի հանդիպումների գիտաժողովներում Ն.Չիլինգարայանը հանդես է եկել զեկուցումներով: 2004թ․ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում կայացած REA-ի հանդիպման ուսանողական մրցույթ-ստուգատեսում երրորդ տեղը զբաղեցրեց ճարտարապետության թեկնածու, դոցենտ Ն.Չիլինգարյանի կողմից ղեկավարած նախագիծը (հեղինակներ՝ Ն.Պետրոսյան և Մ.Մինասյան): 2013-թ-ից ի վեր Զ. Մամյանը ևս մասնակցում է միջազգային ժյուրիների աշխատանքների ու ղեկավարում ուսանողների փոխանակման ծրագրեր:

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը ակտիվորեն մասնակցում է ինչպես  ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի և արտերկրի մի շարք ԲՈՒՀ-երի միջև համագործակցության շրջանակներում, այնպես էլ ՃՇՀԱՀ-ից դուրս մշակվող միջազգային  ծրագրերի իրականացմանը՝ Ֆրանսիայում (Փարիզ, Լիոն, Մոսկվայի ճարտարապետաշինարարական համալսարան, Ֆրանսիայի Սենտ-Էտիեն և Կլերմոն-Ֆերրան քաղաքաների ճարտարապետական ազգային դպրոցներում), ԱՄՆ (Կորնելի համալսարան), ՌԴ (Տյումեն), Լիբանան (Բեյրութ) և այլն:

Ամբիոնի դասախոսները միջազգային և հանրապետական մրցույթներում և ստուգատեսներում բազմիցս արժանացել են պետական մրցանակների, իսկ նրանց կողմից ղեկավարված շրջանավարտների դիպլոմային աշխատանքները` ամենաբարձր մրցանակային տեղերի:

Մամյան Զարուհի Հենրիկի Ամբիոնի վարիչ, Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Կանայան Աշոտ Արդվարդի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Թովմասյան Սարգիս Արիստակեսի Գիտության վարչության ղեկավար, գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պ/կ
Հովհաննիսյան Մուշեղ Հայկի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Առուստամյան Արսեն Արսենի Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր