(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Տեսական մեխանիկայի և նյութերի դիմադրության ամբիոն

Ստեղծման հիմնավորումը.

Ամբիոնը ստեղծվել է շինարարական մասնագիտությամբ ինժեներական մասնագիտություններում մեխանիկայի` ստատիկա, կինեմատիկա, դինամիկա բաժինների հիմնարար կիրառության նպատակով: 1930թ. սկսած մինչև 1939թ. ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է պրոֆ. Ալեքսանդր Հակոբյանը, հետագայում` Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ: Ալեքսանդր Հակոբյանը գիտական հետազոտություններ է կատարել թերմոդինամիկայի և տեսական մեխանիկայի տարբեր բնագավառներում, հիմնավորել է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը, վեկտորական հաշվարկի օգնությամբ շարադրել է տեսական մեխանիկայի դասընթացը: Ալեքսանդր Հակոբյանը կատարել է գիտակազմակերպչական աշխատանք ամբիոնի կազմավորման և այն բարձրորակ մասնագետներով համալրելու ուղղությամբ: Այդ տարիներին ամբիոնում աշխատել են` Աշոտ Տեր-Մկրտչյանը, Թորգոմ Խաչատրյանը, Հակոբ Խալափաչյանը, Նագուշ Հարությունյանը, Վարազդատ Իվանյանը, Գևորգ Գյոնջյանը, Լուսյա Կարապետյանը, ովքեր հետագա 30-40 տարիների ընթացքում կազմել են ամբիոնի հիմնական կազմը:

1939-1940թթ ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է Թորգոմ Խաչատրյանը, 1941 — 44թթ. Հակոբ Խալափաչյանը: 1944թ.-ից մինչև կյանքի վերջը (1980թ.) ամբիոնը կրկին ղեկավարել է Թորգոմ Խաչատրյանը: Տեխնիկական գիտ. դոկտոր-պրոֆ. Թորգոմ Խաչատրյանի աշխատանքները նվիրված են կոր ձողերի, սալերի և թաղանթների տեսությանը: Դրանք բարձր են գնահատվել խորհրդային դպրոցի, պետական մրցանակի դափնեկիր, ճանաչված ղեկավար Վ.Զ. Վլասովի կողմից: Մեծ է նրա վաստակը բարձրորակ կադրերի պատրաստման գործում: Պրոֆեսոր Թ. Խաչատրյանի անմիջական ղեկավարությամբ մշակվել և պաշտպանության են ներկայացվել տասից ավելի թեկնածուական ատենախոսություններ: Երկարամյա գիտամանկավարժական գործունեության ընթացքում Թ. Խաչատրյանը մեծ ներդրում է ունեցել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «տեսական մեխաիկայի» ամբիոնը բանիմաց և գիտական ասպարեզում նշանակալի դեմքեր հանդիսացող կադրերով համալրելու գործում: Արդյունքում ամբիոնի բոլոր դասախոսները ունեցել են գիտության դոկտորների և գիտության թեկնածուների գիտական աստիճաններ:

1960-ական թվականներից ամբիոնում աշխատել են դոցենտներ Սուրեն Դուրգարյանը, Մկրտիչ Ալոյանը, Արմենակ Պետոյանը, Վաղարշակ Վարդանյանը, Վլադիմիր Տոնոյանը, Հարություն Խալաթյանը, Հարություն Կասամանյանը, Վարուժան Միքայելյանը, Սուրեն Գևորգյանը, Գագիկ Մովսիսյանը, Սահակ Սահակյանը, Մելքոն Մելքոնյանը, Արտավազդ Ավետիսյանը, Մարտին Սարգսյանը, Լիպարիտ Վարդանյանը, Ալբերտ Գուրգենյանը, Նիկոլայ Սարգսյանը, Գալինա Ավանեսովան, Սերգեյ Դեմուրչյանը, Զավեն Մարտիրոսյանը, Հենրիկ Միքայելյանը, Արսեն Մուսայելյանը, Հրաչիկ Ավետիսյանը, Հրաչյա Շահազիզյանը, Միքայել Գալստյանը, Նորիկ Արևշատյանը, Վադիմ Անանյանը, Սամվել Գաբրիելյանը, Մանվել Պողոսյանը, Հովհաննես Թոքմաջյանը, Սուրեն Հարությունյանը, լաբորանտներ` Հենրիկ Խաչատրյանը, Արաքսյա Բոթոյանը, Զարուհի Բաղդասարյանը, Սուսաննա Բաբայանը:

Ամբիոնի աշխատակիցները գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ զբաղվել են հասարակական աշխատանքով, զբաղեցրել բազմաթիվ պատասխանատու պաշտոններ:

Տեսական մեխանիկայի և մի շարք այլ ինժեներական առարկաների խորը ուսումնասիրության արդյունքում ամբիոնի աշխատակից Հրաչյա Շահազիզյանը յոթ անգամ նվաճել է նավամոդելային սպորտի աշխարհի չեմպիոնի կոչումը:

Ամբիոնի աշխատակիցների գիտական որակավորումը բարձրացնելու նպատակով բազմաթիվ աշխատակիցներ գործուղվել են արտասահմանյան երկրների հեղինակավոր բուհեր և գիտական կենտրոններ համագործակցելով նրանց հետ: Ամբիոնի շատ աշխատակիցներ օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) բավականին երկար տարիներ դասավանդել են արտասահմանյան մի շարք երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում` արժանանալով շնորհակալագրերի և բազում մրցանակների:

1980 թվականին ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է դոցենտ Գևորգ Գյոնջյանը, իսկ հետագայում` պրոֆեսոր Ստեփան Զարգարյանը: Այդ տարիների ընթացքում դոկտորական ատենախոսություն են պաշտպանել Նիկոլայ Սարգսյանը, Լիպարիտ Վարդանյանը: Ամբիոնի դասախոսները զբաղվել են գիտական գործունեությամբ, առաձգականության, պլաստիկության ջերմառաձգականության, ջերմապլաստիկության, հիդրոմեխանիկայի, թաղանթների և սալերի, մեխանիզմների տեսության և այլ բնագավառներին վերաբերող բազմաթիվ խնդիրների լուծմամբ: 1993-1997թթ. ամբիոնը վերակազմավորվեց` անվանվելով «նյութերի դիմադրության և տեսական մեխանիկայի ամբիոն»: Ամբիոնի վարիչի պաշտոնում նշանակվեց Նիկոլայ Սարգսյանը:

1997թ. միացյալ ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվել է ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դարբինյանը: Այդ ընթացքում գիտության դոկտորի կոչում է շնորհվել ամբիոնի աշխատակից Լիպարիտ Վարդանյանին, պաշտպանվել է երեք թեկնածուական ատենախոսություն:

2000թ. վերջին տեսական մեխանիկայի ամբիոնը վերականգնվեց որպես ինքնուրույն ամբիոն: Ամբիոնի պաշտոնը զբաղեցրեց Սուրեն Դարբինյանը:

Ամբիոնի գոյության տարբեր ժամանակահատվածներում ամբիոնի աշխատակիցների կողմից մշակվել են մեծ թվով ուսումնամեթոդական ձեռնարկներ, թարգմանվել են հայերեն լեզվով դասական և ժամանակակից տեսական մեխանիկայի դասագրքեր:

2006թ. ամբիոնի վարիչ է նշանակվել ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Գուրգենյանը, ով  մինչև օրս ղեկավարում է ամբիոնի աշխատանքները:

Հիմնական գիտական թեմաներն ու  ուղղվածությունը

Ամբիոնի հիմնական ուղղվածությունն է. պինդ մարմնի մեխանիկա դեֆորմացվող մարմնի մեխանիկա, սալեր և թաղանթներ, հիդրոաէրոդինամիկա, տատանումներ և կայունություն, պլաստիկության տեսություն, սողքի տեսություն:

Գուրգենյան Ալբերտ Արամի Ամբիոնի վարիչ, Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գաբրելիյան Սամվել Լիպարիտի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մուրադյան Ջուլետտա Գևորգի Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ