(010) 303-300

Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոն

 1931-1932թթ. ուսումնական տարում ՀԽՍՀ շինարարական ինստիտուտում կար 10 ամբիոն, որոնցից մեկը շինարարական կոնստրուկցիաների ամբիոնն էր, որը ղեկավարում էր Ռուբեն Հակոբյանը: Հետագայում՝ 1936թ. սեպտեմբերին հաստատված Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 14 ամբիոնների թվում էր ընդհանուր և շինարարական նյութերի տեխնոլոգիայի ամբիոնը, որը ղեկավարում էր Դավիթ Զավրյանը:

Նշանավոր քիմիկոս Դավիթ Զավրյանը (1889-1957թթ.) ավարտել է Պետերբուրգի համալսարանը, աշակերտելով Դ. Մենդելեևին: Մեծ նախաձեռնություն է ցուցաբերել Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատություն հիմնելու գործում: 1920թ. դեկտեմբերին դասախոսական աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանում: 1921թ. հունվարին ընտրվել է բնագիտական ֆակուլտետի, իսկ 1921թ. հոկտեմբերին՝ տեխնիկական ֆակուլտետի դեկան՝ փոխարինելով նաև համալսարանի ռեկտոր Հակոբ Մանանդյանին (մինչև 1922թ.): Երկար տարիներ դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Եղել է նաև ինստիտուտի անդրանիկ գիտատեխնիկական խորհրդի կազմում (1937թ.):

    1938թ. փետրվարին ստեղծվեցին 14 ամբիոններ և նշանակվեցին վարիչներ. շինարարական նյութերի տեխնոլոգիայի ամբիոնը մինչև 1939թ. ղեկավարում էր Արսեն Մանանդյանը, 1940-1953թթ.՝ Խորեն Գևորգյանը:

   1967թ. սիլիկատների տեխնոլոգիայի և շինարարական նյութերի ամբիոնը բաժանվեց երկու մասի՝ շինարարական արտադրության կոնստրուկցիաների և շինարարական նյութերի, սիլիկատների և էլեկտրաքիմիական արտադրության տեխնոլոգիայի ամբիոնների: Վերջինս ղեկավարում էր տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Օնիկ Մարտիրոսյանը (1911-1993թթ.):

   1968-1975թթ. Պոլիտեխնիկական ինստիտուտի վերակազմավորված Շինարարական նյութերի, հիմնատակերի և հիմքերի ամբիոնի վարիչ է նշանակվել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գուրգեն Քարամյանը: Նրա գրչին են պատկանում 30 տպագրված գիտական աշխատություններ, այդ թվում՝ «Հիմնատակեր և հիմքեր» հայերեն դասագիրքը:

   1972թ. Շինարարական նյութերի, հիմնատակերի և հիմքերի ամբիոնից հանվեց շինարարական նյութեր առարկան և տրվեց սիլիկատների և էլեկտրաքիմիական արտադրության տեխնոլոգիայի ամբիոնին:

   1973-1986թթ. Սիլիկատների տեխնոլոգիայի և շինարարական նյութերի ամբիոնը ղեկավարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լև Զախարովը (1910-1991թթ.): Ամբիոնն ունեցավ ուսումնական և գիտահետազոտական գործընթացները կազմակերպելու համար անհրաժեշտ գրականությամբ աշխատասենյակ և հագեցվեց լաբորատոր սարքավորումներով (ռենտգեն, էլեկտրոնային միկրոսկոպ, դերիվատոգրաֆ և այլն): Այդ ընթացքում ամբիոնի աշխատանքային համագործակցության շրջանակներն ընդլայնվեցին: Դասախոսական կազմը մասնակցում էր համամիութենական և հանրապետական գիտաժողովներին և պրակտիկ գործունեությամբ նպաստում ինստիտուտի աճող հեղինակությանը տեխնիկական գիտությունների զարգացման բնագավառում: Մեծ էր պրոֆեսոր Լև Զախարովի դերը հատկապես ուսումնական գործընթացում կադրերի ընտրության և խոստումնալից գիտնականների ներգրավման գործում:

   Մայր ամբիոնի հիման վրա Գյումրիում բացվեց Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների տեխնոլոգիա, իսկ Վանաձորում՝ Անօրգանական նյութերի տեխնոլոգիա մասնագիտությունները: Ամբիոնի դասախոսական կազմի և աշխատակիցների շնորհիվ մայրենի լեզվով լույս ընծայվեցին ուսումնամեթոդական ձեռնարկներ՝ լաբորատոր աշխատանքների, կուրսային և դիպլոմային նախագծերի կատարման համար: Հայերենով հրատարակվեց կապակցող նյութերի արտադրության վերաբերյալ դասախոսությունների ձեռնարկ, իսկ հեռակա ուսուցման համար՝ շինարարական նյութեր առարկայից ստուգողական աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ: 1986-1993թթ. Սիլիկատների ամբիոնը ղեկավարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կոստան Կոստանյանը:

  1989թ. Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի կազմավորման հետ կապված սիլիկատների տեխնոլոգիայի ամբիոնից առանձնացավ շինարարական նյութեր դասավանդող դասախոսալաբորանտական կազմը և ստեղծվեց նոր ամբիոն՝ Շինարարական նյութերի և քիմիայի ամբիոն, որը 1990-1997թթ. ղեկավարել է Նիկոլայ Չիլինգարյանը:

Տեխնիկական գիտությունների դոկտոր (1998թ.), պրոֆեսոր Նիկոլայ Չիլինգարյանը (ծնվ. 1947թ.) 1971թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկատեխնոլոգիական ֆակուլտետը՝ ինժեներ-քիմիկոսի որակավորմամբ: Նույն թվականին ընդունվել է աշխատանքի «Հայկազմտեխշին» տրեստում, որպես ավագ ինժեներ, 1975թ. եղել է պոլիտեխնիկական ինստիտուտի սիլիկատների տեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ, 1978թ. աշխատել է նույն ամբիոնում որպես լաբորանտ:  1989թ. եղել է Շինարարական նյութեր և ընդհանուր անօրգանական քիմիա ամբիոնի վարիչ: Եղել է թեկնածուական թեզերի գիտական ղեկավար, ունի հրատարակված բազմաթիվ գիտական աշխատանքներ:

      1995թ. ամբիոնը վերանվանվեց «Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիների արտադրության տեխնոլոգիա»: Ամբիոնի դասախոսները մշակել են մի շարք ծրագրեր, մեթոդական ցուցումներ և առաջադրանքներ կուրսային, դիպլոմային նախագծերի, լաբորատոր աշխատանքների կատարման, արտադրական պրակտիկայի անցկացման համար:   

      1997-2005թթ. Ճարտարապետաշինարարական ինստիտուտի «Շինարարական նյութերի և քիմիայի» ամբիոնը ղեկավարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտին Բադալյանը (1935-2005թթ)։ Սովորել և 1952թ. ավարտել է Մոսկվայի ինժիներական շինարարական ինստիտուտը, Միջազգային ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս:

Շուրջ 40 տարի գլխավորել է շինարարական ինդուստրիայի մի շարք ձեռնարկություններ, նաև գիտահետազոտական ինստիտուտներ: Եղել է մի շարք թեկնածուական թեզերի գիտական ղեկավար և խորհրդատու: Հանդիսանում է շուրջ 180 գիտական աշխատանքների, այդ թվում նաև 25 գյուտերի հեղինակ: 2002թ. պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: 

2002թ ամբիոնը բաժանվեց և վերանվանվեց Շինարարական, ջերմամեկուսիչ նյութերի և իրերի արտադրության ամբիոն:

2002-2014թթ․ Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիների արտադրության տեխնոլոգիա ամբիոնը ղեկավարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Պետրոս Տեր-Պետրոսյանը (1941-2014թթ.): 1978-1993թթ. աշխատել է ՀՀ շինարարության նախարարության արդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր վարչության պետ, 1993-1998թթ. Շինինդուստրիա պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն, 1995-2000թթ. ՀՀ շինարարների ընկերակցության նախագահ, Հայաստանի շինարարների տեղեկագիր ամսագրի գիտական գծով խմբագիր: Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում աշխատել է 1985թ.՝ որպես ավագ դասախոս, դոցենտ, ապա պրոֆեսոր, իսկ 2002թ. ԱՊՀ շինարարական բուհերի ընկերակցության պատվավոր պրոֆեսոր: Շուրջ 75 գիտական հրատարակությունների, 7 գրքերի, 6 գյուտերի հեղինակ է:

Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիա (ՇՆՊԿԱՏ) ամբիոնը 2015-2020թթ․ ղեկավարել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտավազդ Արզումանյանը (1952-2020թթ.)։ 1978-2004թթ. ՀՀ Քաղաքաշինության նախարարության Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման Հայկական գիտահետազոտական ինստիտուտում (Հայսեյսմշին և ԿՊԳՀԻ) ճարտարագետ, գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ և գիտական տնօրեն, 2006թ. «ԱՐՍԷԱ» գիտաարտադրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գիտական տնօրեն, 2011-2013թթ. «ԱԻՍՄ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն:

  Հայշինճարտ ԳՀԻ-ի կազմում նրա ղեկավարությամբ հիմնադրվել է «Հրակայուն բետոնների ու կոնստրուկցիաների» բաժին:

Նրա ղեկավարման տարիներին ՇՆՊԿԱՏ ամբիոնին կից (2017թ.), «ԱՐԴ-ԼԱԲ» ծրագրի շրջանակներում ստեղծվեց արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատորիա, որտեղ բացի ուսումնական պարապմունքներից, իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ: 

Նրա կողմից մշակված հատուկ կոնստրուկտորական նախագծային լուծումներով իրականացվել են Էջմիածնի Մայր տաճարի և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կենտրոնական մասնաշենքի կոնստրուկցիաների ուժեղացման աշխատանքները:

2013թ. ՀՀ քաղաքաշինության նախարարությունից ստացել է շնորհակալագիր՝ քաղաքաշինության բնագավառում ներդրված ավանդի, երկարամյա և բեղմնավոր աշխատանքային գործունեության համար։

2016թ. ՃՇՀԱՀ-ի կողմից պարգևատրվել է «Փառք շինարարին» ոսկե մեդալով։

2022թ․ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, Արտավազդ Ավետիքի Արզումանյանը քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար հետմահու պարգևատրվել է ոսկե մեդալով։

Հեղինակ է 43 գիտական հոդվածների, 4 ուսումնամեթոդական ձեռնարկների, 1 ՀՀ շինարարական նորմի և 1 գյուտի:

      2020թ. ՃՇՀԱՀ-ում որոշում կայացվեց միավորել Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության տեխնոլոգիա և Քիմիա, կապակցող նյութեր և սիլիկատներ ամբիոնները։ Արտավազդ Արզումանյանը շարունակեց ղեկավարել նորաստեղծ Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրություն՝ ՇՆՊԿԱ ամբիոնը:

Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրություն ամբիոնը 2021-2024թթ. ղեկավարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիա Բադալյանը: 1984-1989թթ. աշխատել է «Քար և սիլիկատ» ԳԱՄ որպես գիտական աշխատող, 1989-1996թթ. «Երկաթբետոն» ՀԳՀԻ (Երևանի մասնաճյուղ), որպես ավագ գիտաշխատող, 1992-1997թթ. «Բանանց» գիտարտադրական միավորում, որպես ավագ գիտաշխատող, 1997-2020թթ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական նյութերի, իրերի և կոնստրուկցիաների արտադրություն ամբիոնում որպես պրոֆեսոր: Ունի 135 գիտական հոդված, որոնցից 12-ը` արտասահմանյան գիտական պարբերականներում, 8 մեթոդական ձեռնարկ, 1 մենագրություն և 1 դասագիրք  (երաշխավորված ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից):

Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրություն ամբիոնը 2024թ. առ այսօր ղեկավարում է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Արտավազդի Արզումանյանը: 2006թ. տնօրինում է «ԱՐՍԷԱ» գիտաարտադրական ընկերությունը: 2007-2021թթ. աշխատել է «Հորիզոն-95» շինարարական ընկերությունում` Շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիայում որպես որակի պատասխանատու: 2011թ. առ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում հավատարմագրման աշխատանքների փորձագետ է:

2015թ. առ այսօր ՃՇՀԱՀ ՇՆՊԿԱ ամբիոնի դոցենտ, Շինարարության և ճարտարապետության գիտահետազոտական լաբորատորիայի պահպանում և զարգացում ծրագրի գիտաշխատող։

       Ավետիք Արտավազդի Արզումանյանը հեղինակել է 36 գիտական հոդվածներ, որոնցից 15-ը` Scopus և Web of science գիտատեղեկատվական շտեմարաններում, 6 ուսումնագործնական ձեռնարկ,  1 ուսումնական ձեռնարկ անգլերենով, 1 ՀՀ շինարարական նորմ:

2021թ․ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ՃՇՀԱՀ 100-ամյակի կապակցությամբ ստացել է շնորհակալագիր։

Ամբիոնում ի՞նչ մասնագետներ են պատրաստվում.

Ամբիոնում պատրաստվում են շինարդյունաբերության ձեռնարկություններում շինարարական նյութերի, պատրաստվածքների ու կոնստրուկցիաների արտադրության շինարար-տեխնոլոգ, նաև վերավորակավորվում ճարտարագետ-շինարար մասնագետներ:

Ամբիոնի առավելությունները.

Ամբիոնում առկա են ժամանակակից սարքավորումներով գերհագեցած լաբորատորիաներ, որոնց շնորհիվ իրականացվում են ինչպես ուսումնական, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքներ:   

Արզումանյան Ավետիք Արտավազդի Ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բադալյան Մարիա Մարտինի Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կարապետյան Ամալյա Կարապետի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բաղդագյուլյան Արմինե Սերժիկի Տեխնիկական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Քալանթարյան Մարինե Աշոտի Քիմիական գիտությունների թեկնածու
Մուրադյան Նելլի Գագիկի Լաբորատորիայի վարիչ
Սահակյան Անուշ Տիգրանի Լաբորատորիայի վարիչ