(010) 303-300

Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոն

Ճարտարապետությունը մարդու հոգևոր և նյութական միջավայրը ձևավորելու և կյանքի կոչելու համընդհանուր գործընթացն է: Մեզ շրջապատող ճարտարապետական միջավայրը ճարտարապետների աշխատանքի արդյունքն է, նրանց մասնագիտական, ստեղծագործական և գեղագիտական մակարդակի արգասիքը:

Առանց ճարտարապետների և նախագծողների հզոր բանակի անհնարին կլիներ իրականացնել շինարարական վիթխարի ծավալները, որոնք տասնամյակներ շարունակ իրականացվել են մեր հանրապետությունում: Նրանք բոլորը, կամ գրեթե բոլորը, հայկական ճարտարապետական դպրոցի շրջանավարտներն են, որի մեծագույն դերը դժվար է անտեսել ճարտարապետական կադրերի նախապատրաստման գործում:

Հայաստանում ճարտարապետական կրթության ձևավորման առաջին տարիներից առաջատար օղակ դարձավ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (ԵրՊԻ) 1936թ. հիմնված գիտության հնագույն օջախներից մեկը` «Ճարտարապետության» ամբիոնը:

Ամբիոնի հիմնական խնդիրը ճարտարապետ-նախագծողներ պատրաստելն էր: Առանց այդ մասնագետների մասնակցության անհնար էր կյանքի կոչել շինարարության այն ահռելի ծավալները, որը մի քանի տասնյակ տարիների ընթացքում իրականացվում էր հանրապետությունում:

Հեռավոր այդ տարիներին ձևավորվեց ամբիոնի կարևոր ավանդույթը՝ հիմնական առարկաների՝ կուրսային և դիպլոմային նախագծերի վարման համար հրավիրել ստեղծագործական առավել շնորհալի, առաջատար պրակտիկ ճարտարապետների: Այստեղ դասավանդել են հայ ճարտարապետության այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Սամվել Սաֆարյանը (ճարտարապետության առաջին պրոֆեսորը), Ռաֆայել Իսրաելյանը, Միքայել Մազմանյանը, Գևորգ Քոչարը, Հրայր Իսաբեկյանը, Էդմոն Տիգրանյանը և ուրիշներ: Ամբիոնի կազմը մշտապես համալրվել է նոր անդամներով: Նրանք հաջողությամբ զարգացրել են ամբիոնի ավանդույթները, որոնք հետագայում դարձել են առաջնային:

Հայաստանի ճարտարապետական կրթօջախը նախկին Խորհրդային Միության ճարտարապետական լավագույն դպրոցների շարքում էր, ինչի հավաստումը ճարտարապետական դպրոցների համամիութենական մրցույթ-ստուգատեսներում ամբիոնի ներկայացրած դիպլոմային աշխատանքների տպավորիչ արդյունքներն են:

1990 թվականին Երևանի Ճարտարապետության և շինարարության ինստիտուտի ստեղծման, դրա համակարգում առանձին ճարտարապետության ֆակուլտետի հիմնադրման, ինչպես նաև ուսանողների ընդունելության աճի արդյունքում ԵրՊԻ «Ճարտարապետության» նախկին ամբիոնը դարձավ ճարտարապետական մասնագիտության նոր ամբիոնների ձևավորման հիմքը:

Համալսարանի «Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի» (ՃՆ և ՃՄԴ) ամբիոնը ձևավորվել է 1997 թվականին՝ միավորելով 1936թ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում գործող Ճարտարապետության ամբիոնի հիման վրա 1990թ. արդեն Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ստեղծված Ճարտարապետական նախագծման և 1967թ. Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում գործող Քաղաքացիական և արդյունաբերական շենքերի ճարտարապետության ամբիոնները։

ՃՆ և ՃՄԴ-ն Համալսարանի ամենախոշոր ամբիոնն է, որը պատրաստում է ճարտարապետ-նախագծողներ: Ուսումնական վերջին տարիների տվյալներով ամբիոնի շրջանավարտների քանակը կազմում է ընդհանուր համալսարանի շրջանավարտների 40%-ից ավելին, ամբիոնի աշխատակիցների քանակը՝ 64, ժամերի քանակը՝ ավելի քան 40 հազար:

Ճարտարապետական նախագծման դասավանդման գործըթնացում ամբիոնում ներգրավված են արհեստավարժ, նախագծային գործունեության մեծ փորձ ունեցող ստեղծագործ մասնագետներ:

Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնը ղեկավարել են ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Յա.Ս. Իսահակյանը (1991-1996 թթ.), ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գ.Հ. Ռաշիդյանը (1997-2015 թթ.): 2016թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Կ.Հ. Ռաշիդյանցը:

 

Կադրերի պատրաստում

Արդեն կայացած և պրակտիկ գործունեությամբ զբաղվող ճարտարապետներին ամբիոնում դասավանդման հրավիրելուն զուգահեռ մշտապես ընթանում է նաև սեփական կադրերի պատրաստման կարևոր գործընթացը: Այն կազմակերպվում է ամբիոնում և դասավանդման գործընթացում անձի աստիճանաբար ներգրավման միջոցով, հետևյալ սխեմայով՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա, գիտական թեզի պաշտպանություն և ներգրավում դասավանդման գործընթացին: Գիտական աշխատությունների թեմանեըն էլ հաճախ կապված են կիրառական նշանակության հետ, որոնք այնուհետև օգտագործվում են նոր դասախոսությունների պատրաստման կամ գոյություն ունեցող դասախոսությունների բովանդակության արդիականացման համար: Գիտական աստիճան և կոչում ձեռքբերող բոլոր դասախոսները պարտադիր վարում են դասախոսություններ, որի արդյունքում ամբիոնում կատարված յուրաքանչյուր գիտական աշխատանքի ձեռքբերումները փոխանցվում են այստեղ կրթություն ստացող ուսանողներին:

 

Ծրագրեր

Ամբիոնի հիմնական ուղղվածությունը բնակելի, հասարակական և արդյունաբերական կառուցվածքների ու համալիրների նախագծումն է, ինչպես նաև դրան առնչվող տեսությունը:

Ամբիոնի գծով դասավանդվող հիմնական առարկաներն են.

Ճարտարապետական նախագծման հիմունքներ, Սեյսմակայուն շենքերի ճարտարապետական նախագծում, Արդյունաբերական շենքերի նախագծում, Էրգոնոմիկայի հիմունքներ, Բազմահարկ շենքերի նախագծման առանձնահատկությունները, Ճարտարապետական գրաֆիկա, Բնակելի շենքերի նախագծման հիմունքներ (տիպաբանություն), Ճարտարապետական նորագույն կոնստրուկտիվ համակարգեր, Բազմահարկ շենքերի կոնստրուկցիաներ, Միջավայրի դիզայնի ինժեներատեխնոլոգիական հիմունքներ, Ճարտարապետական ֆիզիկա (ակուստիկա, լուսատեխնիկա, կլիմայաբանություն), Շինարարական ֆիզիկա, Ճարտարապետական միջավայրի դիզայնը և նրա զարգացման ուղիները, Միջավայրի տարրեր և հարդարման նյութեր, Ճարտարապետական կոնստրուկցիաներ, Բնագավառի հիմնախնդիրներ, Արդյունաբերական շենքերի նախագծման հիմունքներ (տիպաբանություն), Հասարակական շենքերի նախագծման հիմունքներ (տիպաբանություն): Ուսուցումն ուղեկցվում է III նախագծային, V արտադրական,  IV  և VI կուրսերում նախաավարտական պրակտիկաներով:

Ամբիոնում հաջորդականորեն տարվող գիտամեթոդական աշխատանքների արդյունքում կատարելագործվում են դասընթացները և դասավանդման մեթոդները: Պարապմունքներն անցկացվում են համակարգչային ծրագրերով և համապատասխան արդի տեխնիկայի օգտագործմամբ: Կուրսային և դիպլոմային ավարտական աշխատանքների առաջադրանքներն ամբողջովին համապատասխանեցվել են ժամանակակից պահանջներին ու միջազգային ստանդարտներին: Ամբիոնում մասնագիտական ուսուցումը տարվում է նաև անգլերենով:

 

Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքներ

Ամբիոնում մշտապես մշակվում են ուսումնամեթոդական աշխատություններ: Պարբերաբար թարմացվում են դասախոսությունների ծրագրերն ու բովանդակությունը, իսկ Ճարտարապետական նախագծում առարկայի թեմաների վերաբերյալ առկա են ամբիոնի կողմից մշակված ուսումնամեթոդական ձեռնարկներ, որոնք նույնպես ժամանակ առ ժամանակ վերանայվում են և համապատասխանեցվում ժամանակի արդի պահանջներին, ինչպես նաև ծրագրային փոփոխություններին զուգահեռ պարբերաբար մշակվում են նոր թեմաների վերաբերյալ աշխատություններ:

Ամբիոնում մշտական ընթացքի մեջ են նաև գիտական աշխատանքները: Աշխատակիցների կողմից տարբեր թեմաների վերաբերյալ պարբերաբար տպագրվում են գրքեր, գիտական հոդվածներ, մշակվում են գիտական թեմաներ: Ներկայումս ամբիոնում մշակվում են մի քանի դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ: Ըստ որում, ինչպես գիտական թեմաների մշակման, այնպես էլ ասպիրանտների նախապատրաստման ժամանակ բոլոր աշխատանքները կրում են մասնագիտական յուրահատուկ երանգավորում, որը բնորոշ է ամբիոնին, այն է՝ վառ արտահայտված կիրառական բնույթը:

 

Դասավանդման սկզբունքներ

Ճարտարապետական դպրոցի և ճարտարապետական կրթության բարձր մակարդակի ապահովման համար կարևորագույն նշանակություն ունի  ճարտարապետական նախագծման դասավանդմանը ստեղծագործող տաղանդաշատ ճարտարապետների ներգրավումը: Սակայն, ինչպես փորձը ցույց է տալիս, ճարտարապետի միայն տաղանդավոր լինելը դեռևս չի ապահովում դասավանդման աշխատանքի հաջողությունը: Ուստի ամբիոնում կուրսային և դիպլոմային նախագծերի դասավանդման են հրավիրվում այնպիսի ճարտարապետներ, որոնք տիրապետում են նաև դասավանդման հմտություններին: Նախագծման դասախոսները ղեկավարման ժամանակ չեն զբաղեցնում կոնսուլտանտի դեր, այլ ակտիվորեն ներգրավվում են ուսանող-դասավանդող ստեղծագործական գործընթացին: Դա ուսանողին տալիս է հնարավորություն ավելի խորը ճանաչել և հասկանալ համալիր վերլուծության և լավագույն լուծումների ընտրության վրա հիմնված որոնողական և տարբերակային նախագծման ստեղծագործական մեթոդը: Նման մոտեցումը ստիպում է նաև դասավանդողին միշտ գտնվել կոչմանը համապատասխան մակարդակի վրա:

Այս ամենին ստեղծագործաբար և ողջ պատասխանատվությամբ մոտենալու արդյունքում ուսումնական նախագծման գործընթացը դառնում է առավել բովանդակալից և հետաքրքիր միևնույն ժամանակ իր դրական ազդեցությունն է թողնում նաև դասավանդող ճարտարապետի պրակտիկ գործունեության վրա:

 

Մրցանակներ

«ՃՆ և ՃՄԴ» ամբիոնը համալսարանի առաջատար ամբիոններից է, ինչի վկայությունն են վերջին 20 տարիների ընթացքում ամբիոնում կատարված դիպլոմային և կուրսային նախագծերի միջազգային հեղինակավոր մրցույթ-ստուգատեսներում արժանացած 100-ից ավելի բարձր աստիճանի մրցանակները, ինչպես նաև ամբիոնում պատրաստված բազմաթիվ երիտասարդ նախագծող ճարտարապետներն ու գիտաշխատողները։

 

Աշխատակազմ

Ամբիոնի ստեղծագործական դիմանկարի բաղադրիչներից մեկն է հանդիսանում նրա անդամների պոտենցիալը՝ ճարտարապետ-նախագծողների հզոր ջոկատը: Դասախոսներից շատերը հանդիսանում են իրականացված խոշոր նախագծերի հեղինակներ, ստեղծագործական արվեստանոցների ղեկավարներ, պետական գերատեսչությունների և նախարարությունների պաշտոնյաներ:   

Ամբիոնի դասախոսների կազմը մշտապես գտնվում է մասնագիտական որակական զարգացման գործընթացում, մագիստրոսից՝ թեկնածու, թեկնածուից՝ դոկտոր, ասիստենտից՝ դոցենտ, դոցենտից՝ պրոֆեսոր: Գործընթացն ապահովում է ամբիոնի կազմի մշտական որակական բարձրացում և նպաստում է դասավանդվող առարկաների ծրագրային և բովանդկային մշտական թարմացմանը:

Ամբիոնում աշխատող մասնագետներից շատերը դասավանդման գործընթացի տարիներին զբաղվում են պրակտիկ նախագծային գործունեությամբ: Նրանք հեղինակել և իրականացրել են մի շարք խոշոր համալիրների նախագծեր, որոնք դարձել են հայկական ճարտարապետության ուղենիշներ, արժանացել են հասարակական համակրանքի և զարդարում են ոչ միայն Երևանը, այլև Հայաստանի և դրանից դուրս այլ բազմաթիվ քաղաքները:

Ամբիոնում դասավանդող մասնագետների շրջանակում համատեղող դասախոսների մեծ քանակը պայմանավորված է ճարտարապետական նախագծում առարկայի առանձնահատկությամբ, որը պահանջում է պրակտիկ նախագծային գործունեության մեջ ներգրավված, ոլորտում պարբերաբար ընթացող գործընթացներին ծանոթ մասնագետների առկայություն: Ամբիոնում համատեղության կարգով դասավանդում են հանրապետությունում և դրանից դուրս նախագծային ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ:

Ռաշիդյանց Կարեն Հայկի Ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Խաչատրյան Թագուհի Ծիլվանի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր, ամբիոնի վարիչի տեղակալ
Խաչատրյան Ավետիս Էդվարդի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր, ամբիոնի վարիչի տեղակալ
Սարգսյան Գագիկ Ռուբենի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Շատվորյան Արմեն Ռուբենի Դեկանի պաշտոնակատար, ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Պողոսյան Հրաչ Գրիգորի ՀՀ վաստակավոր Ճարտարապետ, պրոֆեսոր
Քարամյան Անահիտ Սերգեյի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Ազատյան Կարեն Ռուբենի Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր
Ենգոյան Աննա Ռոբերտի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Սարգսյան Էմիլյա Մկրտիչի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Մանուկյան Արթուր Մարտիկի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Վաղարշակյան Ֆրիկ Շահենի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ
Դանիելյան Սամվել Սայիկի Ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր
Մանուկյան Տիգրան Ռազմիկի Ճարտարապետության թեկնածու, դոցենտ