(010) 303-300

Ինժեներական գեոդեզիայի ամբիոն

Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից, երբ Երևանի նորաստեղծ ժողովրդական համալսարանի կազմում ստեղծվեց տեխնիկական ֆակուլտետը` ինժեներաճարտարապետական և ինժեներահիդրոտեխնիկական մասնագիտություններով: Այս մասնագիտությունների ուսանողներին դասավանդվում էր «Գեոդեզիա» առարկայի տեսական և գործնական դասընթացը, անցկացվում լաբորատոր պարապմունքներ և ամառային դաշտային ուսումնական     պրակտիկա: Նշված մասնագիտություններում 1921-1922 ուստարում սովորել է 32 ուսանող, ովքեր ուսումնասիրել են «Գեոդեզիա» առարկան, որին հատկացվել է 80 ժամ (56 ժամ դասախոսություն, 24 ժամ լաբորատոր պարապմունք): Սկզբնական շրջանում առարկան դասավանդվել է առանց որևէ նյութական բազայի, վիճակը բարելավելու համար «Գեոդեզիա» ամբիոնի վարիչ Լ. Ն. Մանուչարյանի նախաձեռնությամբ,  Հայաստանի կառավարության օգնությամբ 1921թ. արտասահմանից արտարժույթով ձեռք է բերվել 11 գործիք (ֆրանսիական «Մորան» և գերմանական «Ֆենել» ընկերություններից):

1930 թվականին համալսարանի տեխնիկական ֆակուլտետի բազայի վրա կազմավորվել է ՀՍՍՀ Շինարարական ինստիտուտը:

1930-1931 ուստարում «Գեոդեզիա» առարկան դասավանդվում էր ինստիտուտի 153 ուսանողներին, իսկ գեոդեզիական գործիքների քանակն այդ ժամանակ հասնում էր 19-ի:

1933թ. շինարարական ինստիտուտի բազայի վրա ստեղծվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որի կազմում ընդհանուր տեխնիկական կրթության առարկաների շարքում դասավանդվում էր «Գեոդեզիա» առարկան (դասախոսություն, լաբորատոր պարապմունք, ուսումնական պրակտիկա): Այդ ընթացքում ամբիոնին մեծ օգնություն էր 1933թ. Լ. Ն. Մանուչարյանի «Գեոդեզիա» ծավալուն դասագրքի հրատարակումը:

           Շինարարական մասնագիտություններով ընդունելության առաջին աճը նկատվեց 1960-1961 ուստարում` 360 ուսանող: Այդ ժամանակ ամբիոնը վերանվանվեց՝ «Ինժեներական գեոդեզիա», և համալրվեց բարձրորակ դասախոսական կազմով, աննախադեպ զարգացում ունեցավ ամբիոնի տեխնիկական բազան:

1968թ. ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց Ռ. Հ. Մովսիսյանը:

1965-1966թթ. ամբիոնին կից կազմավորվեց գեոդեզիական չա­փումների պրոբլեմային լաբորատորիան՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ. Հ. Մովսիսյանի ղեկավարությամբ, որով հանրապետու­թյունում հիմք դրվեց նոր գիտական ուղղության` գեոդեզիական չափումների ավտոմատացմանը: Այսօր լաբորատորիան պատվով կրում է ակադեմիկոս Ռ .Հ. Մովսիսյանի անունը:

1970-1971 ուստարում ամբիոնն իր 184 գեոդեզիական գործիքներով, 12 դասախոսական և 6 օժանդակ անձնակազմով ձեռնամուխ եղավ շինարարական և լեռնային մասնագիտությունների՝ 737 ուսանողների դասավանդմանը: 1973-1974 ուստարում շինարարական և լեռնային մասնագիտություններում առկա ուսուցմամբ ընդունելությունը հասավ իր գագաթնակետին` 1059 ուսանող: Այդ ընթացքում ամբիոնը կրեց մեծ փոփոխություններ, ընդլայնվեց և հզորացավ: Առարկայական բոլոր ծրագրերը նորացվում և ապահովվում էին ուսումնամեթոդական գրականությամբ և մեթոդական ցուցումներով: Աննախադեպ առաջընթաց ունեցան նաև գիտահետազոտական աշխատանքները: Կատարվում էին տնտպայմանագրային աշխատանքներ, որոնցում ընդգրկված էին 100-ից ավել ուսանողներ:

1970թ. ամբիոնի գիտահետազոտական նվաճումները պսակվեցին աննախադեպ հաջողությամբ` ամբիոնին կից ստեղծվեց ԽՍՀՄ-ում միակը հանդիսացող գեոդեզիական պրոբլեմային լաբորատորիան (ԳՊԼ), որի գիտական նվաճումները համաշխարհային ճանաչում բերեցին «Ինժեներական գեոդեզիա» ամբիոնին և ամբիոնը ճանաչվեց ԽՍՀՄ ոչ գեոդեզիական բուհերի թիվ 1 գեոդեզիական ամբիոնը: Պրոբլեմային լաբորատորիայում կատարվող տնտպայմանագրային աշխատանքներում մասնակցում էին նաև ամբիոնի դասախոսները: Այս աշխատանքներից ստացված շահույթով համալրվում էր ամբիոնի գործիքային բազան:

Ամբիոնի պատմության ընթացքում դասախոսների ղեկավարությամբ, գեոդեզիական գծային և բարձունքային, ինչպես նաև ինժեներական կառույցների և երկրակեղևի ձևախախտումային չափումների ավտոմատացման, գերճշգրիտ սարքերի և համակարգերի մշակման և հետազոտման, չափման մեթոդների կատարելագործման և նշված սարքերի ու համակարգերի ատեստավորման թեմաներով պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ:

1997 թվականից ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց Ա. Գ. Բեգլարյանը և աշխատեց մինչև 2011 թվականը: Վերջինս 1989թ. ընտրվեց նորաստեղծ Երևանի ճարտարապետության և շինարարության ինստիտուտի ռեկտոր և այն ղեկավարեց մինչև 2006 թվականը: Ա. Գ. Բեգլարյանի ռեկտոր աշխատելու ժամանակահատվածում բացվեցին մի շարք նոր մասնագիտություններ, այդ թվում՝ 1997 թվականից՝ «Կիրառական գեոդեզիա» և «Քաղաքային կադաստր» մասնագիտությունները:

Ամբիոնը 2001թ. վերոնշյալ մասնագիտություններով թողարկեց առաջին շրջանավարտները, որոնք դարձան Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և կադաստրի բնագավառի առաջին մասնագետները:

 2007 թվականից, համալսարանը անցնելով եռաստիճան կրթության Բոլոնիայի կրթական համակարգի միավորեց  «Կիրառական գեոդեզիա» և «Քաղաքային կադաստր» մասնագիտությունները՝ դարձնելով «Կադաստր և կիրառական գեոդեզիա» մասնագիտություն:

2009-2010 ուստարում առաջին անգամ համալսարանի շրջանավարտները ստացան բակալավրի և մագիստրոսի աստիճան:

Բակալավրում դասավանդվում է՝ 32, իսկ մագիստրատուրայում՝ 14 առարկաներ և միաժամանակ անց են կացվում ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաներ:

2011թ. տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Գ.  Բեգլարյանի մահվանից հետո ամբիոնը վերանվանվեց «Արեստ Գուրգենի Բեգլարյանի անվան Ինժեներական գեոդեզիայի» ամբիոն:

2012 թվականին ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց Վեներա Արծրունու Մարգարյանը:

2010թ. ամբիոնը մասնակցեց է «TEMPUS-4» Եվրոպական ծրագրին, որի շնորհիվ ամբիոնում ստեղծվեց համակարգչային լսարան և կահավորվեց ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան տեխնիկայով: Ծրագրի շնորհիվ 2013-2014 ուստարում մագիստրատուրայի ուսպլանում ընդգրկվեցին «Գեոինֆորմացիոն տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ որոշ նոր առարկաներ:

2014-2015 ուստարում բացվել է մագիստրատուրայի «Գեոինֆորմացիոն տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ ընդունելություն:

2015թ. դեկտեմբերի 3-ից ամբիոնի վարիչի ժ/պ է նշանակվել Սուրեն Վլադիմիրի Թովմասյանը:

2019թ. սեպտեմբերի 1-ից մրցույթով նշանակվել է ամբիոնի վարիչ Ս. Վ Թովմասյանը:

2019թ. դեկտեմբերի 6-ից  մինչև 2022թ մայիսը ամբիոնի աշխատանքների համակարգող է նշանակվել գ.գ.թ., դոցենտ Սամվել Զալիբեկի Կրոյանը, իսկ 2022թ. սեպտեմբերից առ այսօր նշանակվել է որպես ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող: Սամվել Կրոյանը իր մասնագիտական գործունեությունը սկսել է 1988 թվականից, ունի հրատարակված ավելի քան 110 գիտական հոդված, որոնցից 5-ը` մենագրություն, 6 ուսումնական ձեռնարկ, 6 մեթոդական ցուցումներ։ Շուրջ 30 հոդվածներ տպագրվել են արտասահմանյան ամսագրերում և հանդեսներում, որից 4-ը միջազգային Scopus շտեմարանում: Մասնակցել է  հայաստանյան և արտասահմանյան մի շարք գիտաժողովների։

2020-2021 ուստարում բացվել է բակալավրիատի «ԳԵՈՄԱՏԻԿԱ» մասնագիտացմամբ, «Գեոդեզիա և կադաստր» կրթական ծրագրով ընդունելություն:

Նույն ուստարում բացվել է մագիստրատուրայի «Գեոմատիկա» մասնագիտացմամբ Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր, կրթական ծրագրով ընդունելություն:

2020-2021 ուստարում ամբիոնի աշխատակիցները Erasmus+ և Appear Devision-ի շրջանակներում մասնակցել են GEOTAK և DEvision համատեղ ասպիրանտուրայի և մագիստրատուրայի ծրագրերի մշակմանը և վերապատրաստմանը:

DEvision ծրագրի նպատակն է ինտեգրել աշխարհատարածական առցանց և խառը ուսուցման մոդուլները գործընկեր ինստիտուտների բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում։ Ուսուցման մոդուլները ծառայում են որպես հիմնական էլեմենտներ մի շարք բնագավառներում։

GeoTAK ծրագրի նպատակն է Հայաստանում և Ղրղզստանում մշակել ասպիրանտուրական բարձրագույն կրթական ծրագրեր Աշխարահատեղեկատվական տեխնոլոգիաներում և ամրապնդել հետազոտական և նորարարական կապերը բարձրագույն ուսումնական հաստատությունների, արդյունաբերության և կառավարման ոլորտների միջև։ Այս ծրագրերը հնարավորություն տվեցին ստեղծել նորորարական կրթական ծրագրեր և ունենալ համապատասխան որակավորմամբ մասնագետներ:

Այժմ ամբիոնը համալրված է գեոդեզիական ժամանակակից այնպիսի գործիքներով և սարքավորումներով, ինչպիսին են էլեկտրոնային տոխեոմետրը, թվային նիվելիրը, GPS, GNNS կայանները, անօդաչու թռչող սարքերը, եռաչափ սկանավորման սարքը և այլն:

Մարգարյան Անուշ Աշոտի Ամբիոնի վարիչի ժ/պ
Թովմասյան Սուրեն Վլադիմիրի Տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ
Կրոյան Սամվել Զալիբեկի Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ
Համբարձումյան Պետրոս Վարդգեսի Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մանուկյան Լարիսա Վլադիմիրի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հովհաննիսյան Վարազդատ Փայլակի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գյուրջյան Նաիրա Խաչիկի Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ