Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի պատմությունը սկիզբ է առնում 1921 թվականից, երբ Երևանի նորաստեղծ ժողովրդական համալսարանի կազմում ստեղծվեց տեխնիկական ֆակուլտետը` ինժեներաճարտարապետական և ինժեներահիդրոտեխնիկական մասնագիտություններով: Այս մասնագիտությունների ուսանողներին դասավանդվում էր «Գեոդեզիա» առարկայի տեսական և գործնական դասընթացը, անցկացվում լաբորատոր պարապմունքներ և ամառային (ուսումնական) պրակտիկա: Նշված մասնագիտություններում 1921-1922 ուստարում եղել է 32 ուսանող, ովքեր ուսումնասիրել են «Գեոդեզիա» առարկան, որին հատկացվել է 80 ժամ (56 ժամ դասախոսություն, 24 ժամ լաբորատոր պարապմունք): Սկզբնական շրջանում առարկան դասավանդվել է առանց որևէ նյութական բազայի, վիճակը բարելավելու համար Լ. Ն. Մանուչարյանի նախաձեռնությամբ, ով եղել է «Գեոդեզիա» ամբիոնի վարիչը, Հայաստանի կառավարության օգնությամբ 1921թ-ին արտասահմանից արտարժույթով ձեռք է բերվել 11 գործիք (Ֆրանսիական «Մորան» և Գերմանական «Ֆենել» ֆիրմաներից):
1930 թվականին համալսարանի տեխնիկական ֆակուլտետի բազայի վրա կազմավորվել է ՀՍՍՀ Շինարարական ինստիտուտը: 1930-1931 ուստարում «Գեոդեզիա» առարկան դասավանդվում էր ինստիտուտի 153 ուսանողներին, իսկ գեոդեզիական գործիքների քանակն այդ ժամանակ հասնում էր 19-ի: 1933թ-ին շինարարական ինստիտուտի բազայի վրա ստեղծվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, որի կազմում ընդհանուր տեխնիկական կրթության առարկաների շարքում դասավանդվում էր «Գեոդեզիա» առարկան (դասախոսություն, լաբորատոր պարապմունք, ուսումնական պրակտիկա): Այդ ընթացքում ամբիոնին մեծ օգնություն էր Լ. Ն. Մանուչարյանի «Գեոդեզիա» ծավալուն դասագրքի հրատարակումը` 1933թ-ին:
Փոփոխությունները և ընդլայնումը – շինարարական մասնագիտություններով ընդունելության առաջին աճը նկատվեց 1960-1961 ուստարում` 360 ուսանող: Ամբիոնը վերանվանվեց «Ինժեներական գեոդեզիա»-ի, ամբիոնը համալրվեց բարձրորակ դասախոսական կազմով, աննախադեպ զարգացում ունեցավ ամբիոնի տեխնիկական բազան: 1968թ. ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց Ռ. Հ. Մովսիսյանը:
1965-1966թթ. ամբիոնին կից կազմավորվեց գեոդեզիական չափումների պրոբլեմային լաբորատորիան՝ ՀՀ ԳԱԳ ակադեմիկոս Ռ.Հ. Մովսիսյանի ղեկավարությամբ, որով հանրապետությունում հիմք դրվեց նոր գիտական ուղղության` գեոդեզիական չափումների ավտոմատացմանը: Այսօր լաբորատորիան պատվով կրում է ակ. Ռ.Հ. Մովսիսյանի անունը:
Նկատելով հաջորդ տարիների ընդունելության տեմպերը, ամբիոնն անակնկալի չեկավ: 1970-1971 ուստարում ամբիոնն իր 184 գործիքներով, 12 դասախոսական և 6 օժանդակ անձնակազմով ձեռնամուխ եղավ շինարարական և լեռնային մասնագիտությունների՝ 737 ուսանողների դասավանդմանը: 1973-1974 ուստարում շինարարական և լեռնային մասնագիտություններում առկա ուսուցմամբ ընդունելությունը հասավ իր գագաթնակետին` 1059 ուսանող: Այդ ընթացքում ամբիոնը կրեց մեծ փոփոխություններ, ընդլայնվեց և հզորացավ: Առարկայական բոլոր ծրագրերը նորացվում և ապահովվում էին ուսումնամեթոդական գրականությամբ և մեթոդական ցուցումներով: Աննախադեպ առաջընթաց ունեցան նաև գիտահետազոտական աշխատանքները: Կատարվում էին տնտպայմանագրային աշխատանքներ, որոնցում ընդգրկված էին 100-ից ավել ուսանողներ: 1970թ. ամբիոնի գիտահետազոտական նվաճումները պսակվեցին աննախադեպ հաջողությամբ` ամբիոնին կից ստեղծվեց ԽՍՀՄ-ում միակը հանդիսացող գեոդեզիական պրոբլեմային լաբորատորիան(ԳՊ), որի գիտական նվաճումները համաշխարհային ճանաչում բերեցին «Ինժեներական գեոդեզիա» ամբիոնին և ամբիոնը ճանաչվեց ԽՍՀՄ-ի ոչ գեոդեզիական բուհերի թիվ 1 գեոդեզիական ամբիոնը: Պրոբլեմային լաբորատորիայում կատարվող տնտպայմանագրային աշխատանքներում մասնակցում էին նաև ամբիոնի դասախոսները: Այս աշխատանքներից ստացված շահույթով համալրվում էր ամբիոնի գործիքային բազան:
Ամբիոնի պատմության ընթացքում դասախոսների ղեկավարությամբ, գեոդեզիական գծային և բարձունքային, ինչպես նաև ինժեներական կառույցների և երկրի կեղևի ձևախախտումային չափումների ավտոմատացման, գերճշգրիտ սարքերի և համակարգերի մշակման և հետազոտման, չափման մեթոդների կատարելագործման և նշված սարքերի ու համակարգերի ատեստավորման թեմաներով պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ:
1997 թվականից ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց Ա.Գ. Բեգլարյանը և աշխատեց մինչև 2011 թ.: Ա.Գ.Բեգլարյանը 1989թ-ին ընտրվեց նորաստեղծ Երևանի ճարտարապետության և շինարարության ինստիտուտի ռեկտոր և այն ղեկավարեց մինչև 2006 թվականը: Իր ռեկտոր աշխատելու ժամանակահատվածում բացվեցին մի շարք նոր մասնագիտություններ, այդ թվում՝ 1997 թվականից «Կիրառական գեոդեզիա» և «Քաղաքային կադաստր» մասնագիտությունները:
Ամբիոնը 2001թ. թողարկեց առաջին մասնագետները վերոնշյալ մասնագիտություններով, ովքեր դարձան Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և կադաստրի բնագավառի առաջին մասնագետները:
2007 թվականից, համալսարանը անցնելով եռաստիճան կրթության Բոլոնիայի կրթական համակարգի, «Կիրառական գեոդեզիա» և «Քաղաքային կադաստր» մասնագիտությունները միավորվեցին և դարձավ «Կադաստր և կիրառական գեոդեզիա» մասնագիտություն:
2009-2010 ուստարում առաջին անգամ համալսարանի շրջանավարտները ստացան բակալավրի և մագիստրոսի աստիճան:
Բակալավրում դասավանդվում է 32, իսկ մագիստրատուրայում 14 առարկաներ և միաժամանակ անց են կացվում ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաներ:
2011թ. Արեստ Գուրգենի Բեգլարյանի մահվանից հետո ամբիոնը վերանվանվեց »Արեստ Գուրգենի Բեգլարյանի անվան Ինժեներական գեոդեզիայի» ամբիոն:
2012 թվականին ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց Վեներա Արծրունու Մարգարյանը:
2010թ. ամբիոնը մասնակցեց է «TEMPUS-4» Եվրոպական ծրագրին, որի շնորհիվ ամբիոնում ստեղծվեց համակարգչային լսարան և կահավորվեց ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան տեխնիկայով:
Ծրագրի շնորհիվ 2013-2014 ուստարում մագիստրատուրայի ուսպլանում ընդգրկվեցին «Գեոինֆորմացիոն տեխնոլոգիաներ»մասնագիտացմամբ որոշ նոր առարկաներ:
2014-2015 ուստարում բացվել է մագիստրատուրայի «Գեոինֆորմացիոն տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ ընդունելություն:
12,401 просмотров всего, 4 просмотров сегодня