ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Մայիսի 30-ին` 19:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում (Երևան` Վարդանանց 18, մուտքը` Խանջյան փողոցից) տեղի կունենա «Շուշի. ամէն» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը: Այս ֆիլմը Արցախին նվիրված ֆիլմաշարի հերթական ֆիլմերից է, որում արխիվային նյութերի ու փաստավավերագրական տվյալների հիման վրա ներկայացվում են արցախյան պատմամշակութային ողջ ժառանգությունը, մասնավորապես քաղաքաշինության, կառուցապատկման սկզբունքները, եկեղեցաշինության առանձնահատկությունները: Պատմական ակնարկով հատուկ անդրադարձ է կատարվում այն եկեղեցիներին ու տաճարներին, որոնք այսօր ադրբեջանցիները փորձում են ներկայացնել որպես աղվանական կամ ռուսական կառույցներ:
Ֆիլմի ստեղծմանը կարևոր մասնակցություն է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի պրոֆեսոր Լյուբա Կիրակոսյանը: Համալսարանի շրջանավարտներ Հայկ Խառատյանն ու Տիգրան Խալաթյանը իրականացրել են ճարտարապետական կառույցների եռաչափ մոդելավորումը, որը ներկայացված է ֆիլմում:
Նմանօրինակ ֆիլմերի ստեղծումը կարևոր քայլ է մեր սեփական արժեքները պաշտպանելու ու պատմական արդարության հասնելու տեսանկյունից: