ՀՀ գիտության կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում առաջին անգամ կազմակերպում է կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ:
Չնայած Հայաստանը գիտության ոլորտում կանանց ներգրավվածության առումով լավ ցուցանիշներ ունի (2019 թ. տվյալներով ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների ընդհանուր թվի ավելի քան 52 տոկոսը կանայք են, այն դեպքում, երբ աշխարհում այդ թիվը 30-ից ցածր է), սակայն Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող գիտական խմբերի կամ թեմաների ղեկավարների մոտ 25 տոկոսն է կին: Նոր մրցույթը նպատակ ունի լրացնել այդ բացը՝ հիմնվելով ՀՀ կառավարության 2019 թ. սեպտեմբերի 19-ի N 1334-Լ որոշմամբ հաստատված ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ հունվարի 29-ի N 59-Ա/2 հրամանով հաստատված Եվրոպական հետազոտական տարածքում Հայաստանի Հանրապետության հետազոտությունների և մշակումների բնագավառի ինտեգրման ճանապարհային քարտեզով սահմանված գերակայությունների վրա:
Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի հիմնական առանձնահատկություններն են՝
— Խմբի ղեկավար կարող են լինել 1966 թ. հունվարի 1-ից հետո ծնված կանայք, ովքեր ունեն գիտական աստիճան և 2020 թ. փետրվարի 1-ից մինչև մրցույթին դիմելու օրը գիտական կազմակերպությունում կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում չեն զբաղեցնում ղեկավար պաշտոն:
— Խմբի ղեկավարը պետք է ունենա հրավերի պահանջներին համապատասխանող գիտական հրապարակում:
— Խմբում պետք է ընդգրկված լինի մինչև 35 տարեկան առնվազն մեկ կին կատարող, ում 35 տարին չի լրանում մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրը: Երեխա(ներ) ունենալու պարագայում մինչև 35 տարեկանի տարիքային շեմը ենթակա է վերանայման՝ յուրաքանչյուր երեխայի համար ավելացնելով լրացուցիչ 1 տարի:
— Խումբը պետք է ունենա տվյալ մասնագիտությունով օտարերկրյա գիտական կազմակերպությունում գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող գիտական խորհրդատու, որի Հիրշի ինդեքսը (h-index) պետք է լինի առնվազն 10՝ ըստ «Scopus»-ի տվյալների։ Թեմայի իրականացման ժամանակահատվածում առնվազն 15 օր խորհրդատուն պետք է գտնվի ՀՀ-ում, առնվազն 15 օր էլ խմբի անդամները պետք է գտնվեն խորհրդատուի գիտական կազմակերպությունում:
— Թեմայի ավարտից հետո խմբի անդամներից պահանջվում են տվյալ ծրագրի շրջանակներում հրապարակված, որոշակի չափանիշների բավարարող գիտական աշխատանքներ բարձր վարկանիշ ունեցող հրատարակություններում, իսկ նշված պայմանի չկատարելը կազդի հետագայում կոմիտեի հայտարարած մրցութային ծրագրերին խմբի անդամների կողմից ներկայացված գիտական թեմայի փորձագիտական գնահատականի վրա:
— Թեմայի իրականացման ժամանակահատվածում խմբի անդամները պետք է ապահովեն թեմայի կամ ոլորտի վերաբերյալ գիտահանրամատչելի նյութերի (հարցազրույցներ, գիտահանրամատչելի ամսագրերում հրապարակումներ, տեսանյութեր, լայն լսարանի համար քննարկումներ) տարածում, ինչը հաշվի է առնվելու թեմայի ամփոփիչ հաշվետվությունը գնահատելիս:
Դրամաշնորհները կտրվեն 36 ամիս տևողությամբ՝ 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին: Խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության միջին հաշվարկային չափը 150 հազար դրամ է:
Մրցույթի հայտարարությունը և հրավերի փաթեթը ներկայացված են հետևյալ հղումով՝ http://scs.am/am/03-07-2020-m:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ նաև ՃՇՀԱՀ Գիտական քաղաքականության վարչությունից՝ հեռ․ +37493 504 505 (Viber, watsApp)
Էլ փոստ scientificpolicy@nuaca.am