(010) 303-300

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի գիտություն՝ ուսման վարձի փոխհատուցման համար դիմող ուսանողների

ԲՈՒՀԸ վճարովի համակարգում սովորող ուսանողների առնվազն 10 տոկոսի`  վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով իրականացնում է ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը: 

-Ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողները պետք է դիմեն միայն բուհին:

-Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել միայն այն դեպքում, եթե հաղթահարել է ԲՈՒՀ-ի սահմանած՝ բակալավրի և մագիստրոսի համար միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը: 

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրվում է 

  • 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս
  • 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս
  • մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս
  • երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս
  • 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս
  • մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս
  • սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս
  • սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս:

Բուհերում ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող 2 շաբաթների ընթացքում:

Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում առնվազն կեսի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված 2 կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերությամբ:

Սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը: Առաջին կուրսի ուսանողները ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն սկսած երկրորդ կիսամյակից:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է`

ա) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով.

բ) օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`

առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի,

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի,

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների մինչև 27 տարեկան զավակներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի.

գ) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

Առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց, զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին ուսանողական նպաստներ տրամադրվում են 1-ին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են 1-ին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է յուրաքանչյուր տարի ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`

ա) մինչև 5 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով.

բ) 5-10 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով.

գ) 10-15 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով.

դ) 15-20 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով.

ե) 20-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 100 տոկոսի չափով:

Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը յուրաքանչյուր տարի բուհին է ներկայացնում մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 10-ը:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է ՀՀ կառավարության որոշման հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդի համայնքում հաշվառված և վերջին 5 տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերի համապատասխան ուսուցման ձևերով (առկա, հեռակա) բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով (այդ թվում՝ անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով) ուսանողների հետևյալ խմբերին՝

1) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով.

2) անկախ առաջադիմությունից՝ ուսման վճարի 30 տոկոսի չափով:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է նաև ՀՀ մասնակցությամբ հիմնադրված բուհերի անվճար համակարգում չընդգրկված 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով: 

Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է ՀՀ պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով բուհ ընդունված ուսանողներին:

Հաջորդ կուրսերում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով:

Ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքում միևնույն պայմանների դեպքում հավասար միավորներ ունեցող 2 և ավելի ուսանողների պարագայում` 2-րդ կուրսում առավելությունը տրվում է առաջին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա, իսկ վերջինիս հավասարության դեպքում՝ դրան նախորդող ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին:

Բուհերում ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում:

Ուսումնառությունն ընդհատած (ժամկետային զինծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքերում) ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը (ՀՀ պետբյուջեով նախատեսված ուսանողական նպաստ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակներում):

12.09.19