ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված սկզբունքների համաձայն՝ 2021-2022 առկա ուսումնական տարվա ընդունելության դիմում-հայտերն ընդունվելու են առցանց: Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվելու են երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:
Հիմնական փուլի հայտագրումը տեղի կունենա առցանց` դեռևս անցյալ տարի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից գործարկված dimord.am կայքի միջոցով ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ: Առցանց դիմում-հայտ լրացնելու հարցում դիմորդներն իրենց դպրոցներում կստանան անհրաժեշտ աջակցություն: Նրանք իրենց դպրոցից կստանան նաև ԳԹԿ-ի կողմից յուրաքանչյուր դիմորդին տրվող անհատական ծածկագիրը, որից հետո կարող են ԳԹԿ-ի dimord.am կայքում լրացնել ընդունելության դիմում-հայտը` ըստ հաստատված ձևի: Նախորդ տարիների շրջանավարտների հայտագրմանն աջակցելու նպատակով ընտրվել են դպրոցներ, որոնց ցանկը հրապարակվել է ԳԹԿ կայքում: Դիմորդին չի թույլատրվելու ներկայացնել ընդունելության մեկից ավելի դիմում-հայտ: Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:
Երկրորդ փուլի հայտագրման գործընթացը սկսվելու է հունիսի 26-ին և ավարտվելու է հուլիսի 1-ին: Երկրորդ փուլում կկատարվի նախորդ տարիների շրջանավարտների, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտածների հայտագրումը: Առաջին փուլով հայտագրված դիմորդները քննությունները հանձնելու են հունիսին, իսկ երկրորդ փուլով հայտագրվածները` հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում: Քննությունների ավարտից հետո տեղի կունենա ընդունելության մրցույթի հիմնական փուլի ամփոփումը, որի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին:
Ընդունելության քննությունների ավարտից և ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության լրացուցիչ կամ երկրորդ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն հիմնական փուլի մրցույթից դուրս մնացած դիմորդները: Լրացուցիչ փուլի հայտագրումը կատարվելու է հուլիսի 19-26-ը՝ դիմում-հայտը dimord.am կայքում առցանց լրացնելու տարբերակով:
Երկրորդ փուլում դիմորդները հնարավորություն ունեն վճարովի և անվճար համակարգերով հայտագրելու 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների: 2021-2022 ուսումնական տարվա ընդունելության համար դիմորդները կհանձնեն երկու միասնական քննություն: Ընդունելության վերջնական արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն հուլիսի 30-ին:
Կառավարությունը 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով հատկացրել է 2 918 անվճար և 22 300 վճարովի տեղ: ՃՇՀԱՀ մասնագիտությունների ցանկին և վարձավճարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հաջողություն ենք մաղթում բոլոր դիմորդներին: