(010) 303-300

Արդյունավետ գիտաշխատող-2018» մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հունիսի 6-ի N 568-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ղեկավարների ցուցակը:

Մրցույթի արդյունքում ընտրված 105 գիտաշխատողներ մեկ տարի ժամկետով կստանան ամսական 138 900 ՀՀ դրամ` հավելավճարի տեսքով:

Հիշեցնենք, որ մրցույթը վերաբերում է վերջին 10 տարիների ընթացքում առավել բարձր արդյունավետություն ցուցաբերած գիտնականներին: Ընտրությունը կատարվում է տարբեր չափանիշների հիման վրա, հաշվի են առնվում հրապարակումները, մենագրությունները, պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների ղեկավարումը, ստացած գիտական մրցանակները և արտոնագրերը, շահած դրամաշնորհների քանակը, գիտաժողովների մասնակցությունը և այլն:

Մրցույթն ամենամյա է և իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Այս տարի նույնպես առավել շատ թվով հաղթողները բնական գիտություններ բնագավառից են` 65 հոգի (այդ թվում` 39-ը` ֆիզիկա և աստղագիտություն մասնագիտությունից): «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա» բնագավառից ընտրվել է 15, «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառից` 2, «Հասարակական գիտություններ» բնագավառից` 9, «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառից` 14 գիտաշխատող: Մրցույթի շահառուներից 64-ը ներկայացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպությունները, 39-ը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, 2-ը` այլ կազմակերպություններ:

 

08.06.18